ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ամփոփվեցին «Դասական լեզու Հայոց» մրցույթի արդյունքները: Հաղթողներ ճանաչվեցին հանրապետության տարբեր դպրոցների աշակերտներ 10 անվանակարգերում։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, կարևորելով համալսարանում նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ չնայած ֆակուլտետում հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը ավանդաբար կազմակերպել է գրաբարին նվիրված բազում միջոցառումներ և օլիմպիադաներ, սակայն «Դասական լեզու Հայոց» մրցույթը բացառիկ է. առաջին անգամ է, երբ օլիմպիադան կազմակերպվել է աշակերտների համար։
«Չափազանց կարևորում եմ նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ հայոց լեզվի թանկարժեք մասի՝ ոսկեղենիկ գրաբարի պահպանման և տարածման տեսանկյունից։ Հուսով եմ, որ այս օլիմպիադայի անցկացումը կդառնա շարունակական, նաև վստահ, որ ԵՊՀ-ն մշտապես պատրաստ է հյուրընկալելու և մնալու ջերմ ու հարազատ միջավայր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել ու լավագույնս ճանաչել մեր լեզուն»,- ասաց Ա․ Գալստյանը:
Օիմպիադայի կազմակերպման հարցում գործուն դերակատարում է ունեցել Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանը: Շեշտադրելով մրցույթի կարևորությունն ու առանձնացնելով նպատակները՝ Ա. Աբաջյանն ասաց. «ԿԳՄՍՆ-ի կողմից նախօրոք պաշտոնապես հաստատված, իր տեսակի մեջ բոլորովին նոր ու յուրօրինակ այս մրցույթի անցկացման նպատակը թե՛ գրաբարի ուսուցանումը, արժևորումն ու տարածումն է, թե՛ ԵՊՀ- դպրոց կապի սերտացումը։ Նման մրցույթների շնորհիվ աշակերտները նաև հնարավորություն են ունենում այցելելու մայր բուհի մայր ֆակուլտետ, ծանոթանալու հայոց լեզուն ուսումնասիրելու՝ համալսարանի ընձեռած լայն հնարավորություններին: Հուսով եմ, որ այսպիսի սերտ շփումը նաև կապահովի ապագա որակյալ բանասերների հոսք դեպի ԵՊՀ»։
Մրցույթի համակազմակերպիչ, «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի նախագահ Մանե Ղևոնդյանը նշեց, որ խորհրդանշական ու պարտավորեցնող է համատեղ նախագիծ իրականացնել հատկապես ԵՊՀ-ի հիմնադիր ֆակուլտետի հետ. «ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը դասական հայերենը կենսունակ պահող օղակներից է՝ կարևորագույնը, քանի որ այստեղ ապահովվում է լեզվի խոր և բազմակողմանի ուսուցում, որակյալ մասնագետների պատրաստում։ Ուզում եմ նաև շեշտել, որ 21-րդ դարում գրաբարով ստեղծված այսչափ նյութը անգնահատելի է, և այս գործում յուրաքանչյուրի ներդրումը՝ թանկ»։
Արտաշատի ավագ դպրոցի 10-րդ դասարանի՝ օլիմպիադայի երրորդ փուլին հասած աշակերտ Մայիս Պետրոսյանը, ներկայացնելով իր թիմի կատարած աշխատանքը, պատմեց, որ օլիմպիադային ներկայանալու համար իրենք ընտրել են գրաբարով ստեղծված շարականները։
«Թիմիս անդամներին միացել եմ 3-րդ փուլից, մեծ ոգևորվածությամբ։ Գրաբարը շատ եմ սիրել ու կարևորում եմ գործածումը՝ որպես մեր վաղեմի պատմության երաշխիք»,- ասաց Մայիսը։
Հավելենք, որ մրցույթին մասնակցել են 170-ից ավելի աշակերտներ Երևանից և յոթ մարզերից` Արմավիր, Արարատ, Կոտայք, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ, և նոյեմբերից մինչև մարտ ջանասիրաբար աշխատել իրենց ուսուցիչների ղեկավարությամբ:
Մրցույթն անցկացվել է եռափուլ ձևաչափով։ Առաջին երկու փուլերում ստուգվել է աշակերտի՝ գրաբարով նյութի ընթերցանությունը, ինչը հետապնդում էր գրաբար ընթերցելը խթանելու, ինչպես և գրաբարով ստեղծագործություններին ծանոթացնելու նպատակ։
Վերջին` երրորդ փուլը (70 մասնակից), նվիրված էր նախագծային ուսուցմանը, որի շրջանակներում աշակերտները դասական հայերենով ստեղծել են տարբեր նախագծեր` կոմիքսներ, տեսանյութեր, շարժանկարներ և այլն (դահլիճին կից ճեմասրահում ցուցադրված էին նկարազարդ բազմաբովանդակ նկարներ, պատկերներ)։ Այսկերպ առավել է մեծանում հետաքրքրությունը դպրոցականների շրջանում հայոց դասական լեզվի հանդեպ՝ միաժամանակ զարգացնելով նրանց ստեղծագործական հմտություններն ու թվային գրագիտության կարողությունները։
Օլիմպիադայի ավարտին «Դասական լեզու Հայոց» մրցույթի հաղթողները ստացան դրամական պարգևներ «Ինստիգեյթ» ընկերության կողմից, պատվոգրեր, գրքեր, իսկ հաղթող խմբերի ուսուցիչները՝ հայկական արտադրության սալիկային համակարգիչներ (հովանավոր՝ «Բուտեխ» ընկերություն)։
Մրցույթը կազմակերպվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, ֆակուլտետի ՈՒԳԸ-ի, Արարատյան Հայրապետական Թեմի, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի և «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի համագործակցությամբ: