Հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է (1919 թ.): Նրա հիման վրա են կազմակերպվել Արևելագիտության, Ռուս բանասիրության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Նորաստեղծ ֆակուլտետում բանասիրական առարկաներ են դասավանդել գիտության երախտավորներ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Ստեփան Մալխասյանցը, Գրիգոր Ղափանցյանը, Աշխարհաբեկ Մելիք-Քալանթարը, Գևորգ Ասատուրը, Արսեն Տերտերյանը, գրող Կոստան Զարյանը և այլք: Ֆակուլտետի հիմնադիր դասախոսներից շատերը բարձրագույն կրթություն էին ստացել արտասահմանյան նշանավոր համալսարաններում, նրանց մի մասը բնակվում և աշխատում էր տարբեր երկրներում, բայց հայրենիքում բացված համալսարանը դարձավ միավորող ուժ և համախմբեց նրանց:
Ֆակուլտետը դարձավ ու մնաց հայոց լեզվի ու գրականության գիտամանկավարժական առաջատար կենտրոն։ Հիմնադիր երախտավորներից հետո ֆակուլտետում տարբեր տարիների գիտամանկավարժական գործունեություն են ծավալել հանրաճանաչ գիտնականներ, ակադեմիկոսներ և ակադեմիայի թղթակից անդամներ, գիտության դոկտորներ:
Ֆակուլտետի շրջանավարտներ են եղել նշանավոր շատ գրողներ (Գ. Մահարի, Ն. Զարյան, Խ. Դաշտենց, Հ. Շիրազ, Պ. Սևակ, Վ. Դավթյան, Ս. Կապուտիկյան և ուրիշներ), գրականագետներ, լեզվաբաններ, պետական գործիչներ, մայրենի լեզվի ու գրականության երախտաշատ ուսուցիչներ:
Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը շարունակում է վաստակաշատ ավագների հիմնադրած գործը: Ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք ուսումնասիրել և ուսումնասիրում են լեզվաբանությանը, գրականագիտությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, ստեղծում մենագրություններ, ձեռնարկներ, դասագրքեր: Հանրակրթական դպրոցի տարբեր դասարանների` հայոց լեզվի և հայ գրականության մի շարք դասագրքերի հեղինակները ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախկին և ներկայիս դասախոսներ են։
Ֆակուլտետի դասախոսները՝ որպես հրավիրյալ մասնագետներ, պարբերաբար դասախոսություններ են կարդում արտերկրի համալսարաններում, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում, ինչպես նաև ներգրավված են տեղական ու միջազգային հետազոտական ծրագրերում։
Ֆակուլտետը գիտամշակութային կապեր ունի Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայագիտական տարբեր հաստատությունների, ինչպես նաև ՀՀ գրողների միության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի Մատենադարանի, հայ գրողների տուն-թանգարանների, հանրակրթական առաջավոր դպրոցների հետ։ Գործակցային լայն կապերի շնորհիվ ֆակուլտետում պարբերաբար կազմակերպվում են միջազգային, հանրապետական և միջբուհական գիտական նստաշրջաններ, կոնֆերանսներ և տարաբնույթ այլ միջոցառումներ:
Ֆակուլտետում ուսանողական առօրյան ավելի հետաքրքիր է դառնում ուսանողական կառույցների ակտիվ գործունեության շնորհիվ։ Ֆակուլտետի լավագույն ուսանողները ստանում են անվանական կրթաթոշակներ։
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական:
Ուսանողները հնարավորություն ունեն ստանալու մանկավարժի որակավորում՝ մասնակցելով մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (վճարովի հիմունքով)։
Հայ բանասիրությունը պահանջարկ ունեցող մասնագիտություն է թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի, մասնավորապես Սփյուռքի աշխատաշուկայում: Ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն ունեն ծավալելու գիտամանկավարժական գործունեություն։ Տարբեր տարիների շրջանավարտներ աշխատել և աշխատում են հանրակրթական դպրոցներում, մատենադարաններում, արտասահմանյան համալսարանների հայագիտական կենտրոններում, ձեռագրատներում, քաղծառայության ոլորտում, դատաիրավական համակարգում, թարգմանական, հրատարակչական կազմակերպություններում, խմբագրություններում և այլուր։