«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ս.թ. մայիսի 22-26-ին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում Լեհաստանի Թորունի Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի պրոֆեսոր Վոյցեխ Կույավսկին ներկայացրել է դասախոսություններ` անդրադառնալով ինչպես ակադեմիական փոխանակային ծրագրերի հնարավորություններին, այնպես էլ իր գիտական գործունեությանը:
Այցի ընթացքում պրոֆեսորը ծանոթացել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսումնագիտական գործունեությանը, անցկացրել է հանդիպումներ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, կարդացել դասախոսություններ:
Առաջին դասախոսության ընթացքում նա մանրամասն ներկայացրել է Թորունի Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի կառուցվածքը, քիմիայի ֆակուլտետում առաջարկվող կրթական ծրագրերը, գիտահետազոտական լաբորատորիաները և այլն: Պրոֆեսորն անդրադարձել է Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի քիմիայի ֆակուլտետում արտասահմանցի ուսանողներին ընձեռվող հնարավորություններին, մասնավորապես, ամառային դպրոցին մասնակցելու գործընթացին, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել ԵՊՀ ուսանողների շրջանում:
Հաջորդ դասախոսությունները նվիրված էին նրա գիտական խմբի գործունեությանը, մասնավորապես, քննարկվել է թաղանթների կիրառումը գազերի և հեղուկների բաժանման, ինչպես նաև ջրի մաքրման գործընթացներում: Անդրադառնալով ԵՊՀ կատարած իր այցին պրոֆ. Կույավսկին նշել է, որ լինելով առաջին անգամ Հայաստանում, տպավորված է ԵՊՀ-ի հյուրընկալությամբ, երիտասարդների գիտության հանդեպ հետաքրքրությամբ, և համոզված է, որ համագործակցությունը շարունակական կլինի, ինչը լալն հեռանկարներ կբացի երկուստեք` ուսանողների փոխանակման, կադրերի պատրաստման, ինչպես նաև գիտական համատեղ աշխատանքներ ծավալելու գործընթացներում:
Դասախոսություններին ներկա են գտնվել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, ուսանողներ: