ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը Հայաստանի Հանրապետությունում միակն է, որտեղ պատրաստվում են քիմիկոս բազմապրոֆիլ մասնագետներ: Այն նաև միջազգային ճանաչում ունեցող գիտական կենտրոն է:
Քիմիայի ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թ․, իսկ մինչ այդ՝ սկսած 1921 թվականից, համալսարանում քիմիայի դասավանդումն իրականացրել է քիմիայի ամբիոնը։
Ֆակուլտետում գործում է առկա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։ Ասպիրանտական կրթությունը կազմակերպվում է քիմիայի բոլոր հիմնական ուղղություններով:
Ուսումնական գործընթացի ճիշտ և առավել արդյունավետ կազմակերպման նպատակով ֆակուլտետում պարբերաբար թարմացվում և բարելավվում են կրթական ծրագրերը, ինչպես նաև կազմակերպվում են դասավանդող մասնագետների վերապատրաստման դասընթացներ, սեմինար-քննարկումներ և այսօրինակ այլ նախաձեռնություններ:
Ֆակուլտետում, բացի հիմնական դասախոսներից, դասավանդում են նաև հանրապետության արտադրական տարբեր հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների, սննդարտադրության ձեռնարկությունների առաջատար մասնագետներ:
Քիմիայի ֆակուլտետում քննարկվում և գրախոսվում են քիմիայի դպրոցական ծրագրերն ու չափորոշիչները, գիտակրթական տարաբնույթ աշխատանքներ, ձեռնարկներ և դասագրքեր:
Ֆակուլտետը սերտ համագործակցում է տարբեր երկրների գիտական առաջատար կենտրոնների հետ, որոնց թվում՝ Հյուսիսարևմտյան (ԱՄՆ), Արիզոնայի (ԱՄՆ), Կալիֆոռնիայի (ԱՄՆ), Ռոստոկի (Գերմանիա), Մյունստերի (Գերմանիա), Զաառլանդի (Գերմանիա), Կարլսռուհեի (Գերմանիա), Ռեգենսբուրգի (Գերմանիա), Բոխումի (Գերմանիա), Լոնդոնի (Անգլիա), Բոլոնիայի (Իտալիա), Փարիզ-Սյուդ (Ֆրանսիա), Մոնպելիեի (Ֆրանսիա), Սիլեզյան (Լեհաստան) համալսարանները, Մարի Կյուրի-Սկլոդովսկայի անվան համալսարանը (Լեհաստան), Մոսկվայի պետական համալսարանը (Ռուսաստան), ՌԴԳԱ էլեմենտօրգանական միացությունների (Ռուսաստան), Օրգանական քիմիայի (Ռուսաստան), Քիմիական ֆիզիկայի (Ռուսաստան), Կառուցվածքային մակրոկինետիկայի (Ռուսաստան), Մարդու ուղեղի (Ռուսաստան), Ֆրանսիայի ագրարային, ՌԴ ՌԳԱ-ի Գ.Ա.Կրեստովի անվան լուծույթների քիմիայի (Ռուսաստան) ինստիտուտները, Դոնի Ռոստովի հարավային դաշնային համալսարանը (Ռուսաստան) և Բըրքբեք քոլեջ (Անգլիա):
Ֆակուլտետում գործում են գիտահետազոտական լաբորատորիաներ, որտեղ կատարվող աշխատանքներում ներգրավվում են նաև ֆակուլտետի ուսանողները:
Քիմիայի ֆակուլտետում ուսանողական առօրյան առավել հետաքրքիր է դառնում ուսանողական կառույցների ակտիվ գործունեության շնորհիվ։
Լավագույն ուսանողներն ու ասպիրանտները հնարավորություն ունեն իրենց հետազոտությունները (ավարտական աշխատանք, մագիստրոսական թեզ, ատենախոսություն) գրելու և պաշտպանելու Գերմանիայի համալսարաններում «BACKIS», «Էրազմուս+» և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ծրագրերի շրջանակում:
Բակալավրիատի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (վճարովի հիմունքով) և ստանալու մանկավարժի որակավորում։
ՀՀ և արտերկրյա կազմակերպությունների ու ուսումնական հաստատությունների հետ ընդլայնված համագործակցությունը խթանում է միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրորակ մասնագետների պատրաստման գործընթացը, ինչն աշխատանք գտնելու լավագույն գրավականներից է: Ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու կրթության, գիտության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, սննդի արտադրության կազմակերպման և հսկման մասնագիտական կազմակերպություններում (նախարարություններ, մաքսային վարչություն, իրավական և ստանդարտավորման հիմնարկություններ, փորձաքննական լաբորատորիաներ և այլն):