- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Բուսաբանության և սնկաբանության ամբիոն
Բուսաբանության և սնկաբանության ամբիոն
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնը հիմնադրվել է 1923 թ․: Ամբիոնի առաջին վարիչն է եղել պրոֆեսոր Հ. Լ. Բեդելյանը: Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են հանրաճանաչ գիտնականներ, որոնց թվում՝ պրոֆեսոր Ն. Ա. Տրոիցկին, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Լ. Թախտաջյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Դ. Ն. Տետերևնիկովա-Բաբայանը, դոցենտ Թ. Գ. Ծատուրյանը, պրոֆեսոր Ա. Պ. Մելիքյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Լ. Օսիպյանը։ 2005 թվականից Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյանը։
Աշխարհահռչակ բուսաբան, ակադեմիկոս Ա. Լ. Թախտաջյանը ստեղծել է բարձրակարգ բույսերի դասակարգման նոր համակարգ՝ արտացոլելով էվոլյուցիան և ֆիլոգենիան: Ծաղկավոր բույսերի առաջացման խնդիրների բացահայտման և երկրագնդի ֆլորիստիկ շրջանների բաժանման ուղղությամբ կատարած աշխատանքները նրան բերել են համաշխարհային ճանաչում: Ա. Պ. Մելիքյանը, հետազոտելով բույսերի սերմերի անատոմիական կառուցվածքը, առաջինն է ցույց տվել, որ այն հնարավոր է օգտագործել կարգաբանության և տաքսոնոմիական խմբերի ֆիլոգենիայի մեջ: Դ. Ն. Տետերևնիկովա-Բաբայանը գյուղատնտեսական ինստիտուտում հիմնադրել է Ֆիտոպաթոլոգիայի ամբիոն, այնուհետև ԵՊՀ-ում՝ Ստորակարգ բույսերի ամբիոն: Ակադեմիկոս Լ. Լ. Օսիպյանը Հայաստանում դրել է փորձարարական սնկաբանության ուղղության հիմքը:
Ամբիոնում կատարվել են բուսական աշխարհի, սնկերի բազմակողմանի ու լայնածավալ ուսումնասիրություններ՝ ընդգրկելով բույսերի և սնկերի ֆիլոգենիայի, էվոլյուցիոն և աշխարհագրական, հնէաբուսաբանական, պալինոլոգիական, երկրաբուսաբանական և այլ ուղղություններ, ինչպես նաև կատարվել է ՀՀ տարբեր շրջանների բույսերի ու սնկերի գույքագրում՝ ընդգրկելով կարգաբանական և էկոլոգիական խմբերը: Կարվել են սննդի և դեղերի սնկաբանական անվտանգությանն ուղղված հետազոտություններ:
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնում այժմ աշխատանքներ են տարվում բուսականության, բարձրակարգ բույսերի, դեղաբույսերի և բուսական ռեսուրսների, բժշկական սնկաբանության, սնկերի և ջրիմուռների կենսատեխնոլոգիայի, ֆիտոպաթոլոգիայի ուղղությամբ: Ամբիոնի ուսումնական և գիտական հերբարիումներում (ERHM և ERCB) պահպանվում են ավելի քան 30000 նմուշներ, որոնք գրանցված են Հերբարիումների միջազգային կադաստրում (Index Herbariorum): Ամբիոնը սնկաբանական հետազոտությունների միակ գիտական և ուսումնական կենտրոնն է հանրապետությունում:
Ամբիոնը համալրված է առաջատար մասնագետներով, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային մի շարք ծրագրերում: Ամբիոնի աշխատակիցները հեղինակ են բազմաթիվ մենագրությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, հանրագիտարանների, Հայաստանի կարմիր գրքի, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնց մեծ մասը տպագրվում է բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում։
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնն իրականացնում է «Բժշկական սնկաբանություն և կիրառական բուսաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով