Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում ս․թ․ մարտի 15–ին հյուրընկալվել էին ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մարզերի հիմնական և ավագ դպրոցների աշակերտները: Ճանաչողական այցի շրջանակում Կենսաբանության ֆակուլտետ էին այցելել 27 դպրոցների 312 աշակերտներ:
Այցի նպատակն էր ծանոթացնել աշակերտներին Կենսաբանության ֆակուլտետի կառուցվածքին, ընդունելության կարգին, գործող կրթական ծրագրերի առանձնահատկություններին: Ֆակուլտետում մեծ կարևորություն է տրվում գիտական նոր ծրագրերի ներդրմանը, ինչը նպաստում է կենսաբանության ոլորտում արդի խնդիրների վերաբերյալ նոր մոտեցումների մշակմանը:
Աշակերտներին և նրանց ուղեկցող ուսուցիչներին ողջունեց ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ղազարյանը։ Նա իր ելույթում ընդգծեց ֆակուլտետի ուսանողների գործնական հմտությունների զարգացման համար ստեղծված լայն հնարավորությունները, արժևորեց աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման գործընթացը և ներկայացրեց լայն աշխատաշուկան, որտեղ կարող են աշխատել ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԽ և ՈՒԳԸ ներկայացուցիչները ևս ներկա էին աշակերտների հետ հանդիպմանը և պատմեցին ուսանողական կյանքի ակտիվության, հետաքրքրության և հագեցվածության մասին։
Հանդիպման շրջանակում աշակերտները ծանոթացան ֆակուլտետի 7 ամբիոնների ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներին: Աշակերտները այցելեցին գիտական լաբորատորիաներ, ծանոթացան ժամանակակից սարքավորումներին և կենսաբանության ոլորտում արդի գիտական ուղղություններին:
Դպրոց-բուհ կապի ամրապնդմանն ուղղված նմանատիպ միջոցառումները ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կլինեն շարունակական․ ևս մեկ հանդիպում է նախատեսվում ս․թ․ մարտի 22-ին:
Այսօրինակ միջոցառումների նպատակն է ներկայացնել կենսաբանության ֆակուլտետում գործող կրթական ծրագրերի արդիականությունը, մասնագիտական և աշխատանքային հնարավորությունները, ինչը կօգնի աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում: