Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայկական լեռնաշխարհի Ք.ա. III հազարամյակի և II հազ․ առաջին կեսի պատմությունը հնարավոր է լուսաբանել շումերական, աքադական, հին խուռիական, էբլայական, հին աշուրական, հին և միջին բաբելոնյան և հին խեթական աղբյուրների շնորհիվ։ Դրանց մեծագույն մասը, սակայն, մինչ օրս թարգմանված չէ հայերեն, մեծ թվով բնագրեր ցայսօր չեն մտել հայագիտության շրջանառության մեջ: Այդ բացը լրացնելու նպատակ ունի ներկայացվող ծրագիրը։ Ծրագրի իրականացման պարագայում, որպես վերջնարդյունք, կհրատարակվեն Հայաստանի պատմության մեկուկես հազարամյա պատմաշրջանը լուսաբանող սկզբնաղբյուրների երկու ժողովածու. ա) Ք․ա․ III հազարամյակի սկզբնաղբյուրները Հայկական լեռնաշխարհի մասին, բ) Ք․ա․ II հազարամյակի առաջին կեսի սկզբնաղբյուրները Հայկական լեռնաշխարհի մասին։ Ժողովածուներից բացի կհրատարակենք մի շարք ուսումնասիրություններ՝ հոդվածների տեսքով, և մեկ գիտահանրամատչելի աշխատություն (հայերեն, անգլերեն և ռուսերեն, յուրաքանչյուրը 150 էջ ծավալով), որում կամփոփվեն ուսումնասիրության հիմնական արդյունքները՝ հանրամատչելի լեզվով։ Այն կկրի «Հայկական լեռնաշխարհը Ք.ա. III հազարամյակում և II հազարամյակի առաջին կեսին (ըստ գրավոր աղբյուրների)» վերնագիրը։