Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Առաջարկվող նախագիծը վերաբերում է ժամանակակից նանոֆիզիկայի ակտուալ հիմնախնդիրներին, մասնավորապես, վերալարվող ուժեղ նանոլազերների և հաճախության բազմապատկիչների ստեղծմանը գրաֆենանման նանոհամակարգերում, օգտագործելով այդպիսի նանոկառուցվածքների բացառիկ ոչ-գծային օպտիկական հատկությունները, այն է՝ այսպիսի նյութերի հզորագույն արձագանքը կիրառված էլեկտրամագնիսական ճառագայթման դաշտերի նկատմամբ: Ձևակերպված խնդիրները նվիրված են նանոհամակարգ-հզոր լույս ոչ-գծային փոխազդեցության պրոցեսի ուսումնասիրությանը, երբ տեղի ունեն բարձր կարգի հարմոնիկների գեներացիա և ալիքների միախառնում: Կդիտարկվեն գրաֆենանման նյութերի քվանտային կետեր՝ տարբեր սիմետրիաներով փակ-ուռուցիկ ֆուլերեններ և տարբեր ձևի, եզրի տեսակի, կողային չափերի և խառնուրդների աստիճանի հարթ քվանտային կետեր: Կքննարկվեն ոչ-գծային ռեժիմներ, որոնցում մղող ալիքային դաշտը ինդուկցում է այսպիսի նանոհամակարգերի խիստ բազմաֆոտոն և կոլեկտիվ բազմամասնիկային արձագանք և որոնց օպտոէլեկտրոնիկական հատկությունները գործնականում կարող են որոշվել մեծ ճշտությամբ: Սույն նախագծի արդյունքները կհստակեցնեն մեր պատկերացումները զրո-չափանի քվանտային նանոօբյեկտներում ոչ-գծային և կոլեկտիվ պրոցեսների մասին և թույլ կտան զարգացնել ատտովայրկյանային բարձր հարմոնիկների սպեկտրասկոպիայի տեսությունը և որոշել ոչ-գծային նյութերի էլեկտրոնային հատկությունները նանոչափային մասշտաբներում: