Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
E. coli-ի նյութափոխանակային վարքագիծը հատկապես լավ ուսումնասիրված է շնչառության ընթացքում, որի հիմնական օրինաչափությունների հիմքում ընկած է Միտչելի քեմիօսոմոսային տեսությունը։ Չնայած այս տեսության լայնորեն տարածմանը, միևնույն է դեռ կան մի շարք չպարզաբանված երևույթներ։ Մյուս կողմից, խմորման գործընթացները առավել լայն տարածում ունեն, սակայն բացակայում են յուրաքանչյուր պայմանին և ածխածնի աղբյուրին համապատասխան ֆերմենտների և թաղանթակապ սպիտակուցների մոդելային աշխատանքային մեխանիզմները։ Խմորման ընթացքում FOF1-ԱԵՖազը, հիդրոգենազները (Հիդ) և կալիում տեղափոխող համակարգերը փոխազդում են միմյանց հետ, այդպիսով ստեղծելով և պահպանելով անհրաժեշտ պրոտոնաշարժ ուժը։ Մինչ այժմ հետազոտվել են ածխածնի տարբեր աղբյուրների կամ դրանց խառնուրդների խմորման գործընթացները, սակայն ոչ ածխածնի մեկ աղբյուրի, մասնավորապես գլյուկոզի տարբեր կոնցենտրացիաների ազդեցությունը նյութափոխանակության և կենսաէներգետիկ ցուցանիշների վրա: Ծրագրի ընթացքում կհստակեցվի Հիդ-ների դերը էներգիայի պահպանման գործընթացում: Ուսումնասիրվելու է Հիդ-ների միջև փոխազդեցությունը և յուրաքանչյուր ենթամիավորի դերը գլյուկոզի 2 գ լ-1 (ցածր) և 8 գ լ-1 (բարձր) կոնցենտրացիաների խմորման ընթացում։ Կպարզաբանվի Հիդ-ների նոր ֆիզիոլոգիական դերը`գլյուկոզի կոնցենտրացիայի զգայունության մեխանիզմում և հետագա կապը կենսաէներգետիկ հիմնական բաղադրիչների հետ: