Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Անիզոտրոպ էլաստոմերները հաջորդ սերնդի տեխնոլոգիաներում (ինչպիսիք են փափուկ ռոբոտիկան և նորագույն կենսաբժշկական սարքերը) կիրառելիության մեծ պոտենցիալ ունեն՝ մեզոգենների մակրոսկոպական կողմնորոշումը նկարագրող ուղղորդի և պոլիմերային ցանցի կապով պայմանավորված առանձնահատուկ մեխանիկական հատկությունների շնորհիվ։ Չնայած տեսական և փորձարարական մեծ թվով հետազոտություններին դեռևս առկա չէ ընդհանուր տեսություն, որը ամբողջովին կբացատրի այս տեսակ էլաստոմերների մեխանիկական հատկությունների անիզոտրոպիան և ոչ գծայնությունը։ Նախագծում նախատեսվում է ցուցաբերել ընդհանուր մոտեցում անիզոտրոպ էլաստոմերների մեխանիկական հատկությունների ուսումնասիրման համար: Դուրս կբերվի մեխանիկական և կողմնորոշումային ձևախախտումները, դրանց փոխազդեցությունը նկարագրող ազատ էներգիան: Տեսականորեն կուսումնասիրվեն մեխանիկական ձևախախտման ազդեցությունը մոլեկուլների կողմնորոշման վրա և մոլեկուլների վերակողմնորոշման ազդեցությունը մեխանիկական ձևախախտման վրա։ Կբացատրվեն մեխանիկական և կողմնորոշումային փոխազդեցության պատճառով փորձերում դիտվող հետաքրքրական երևույթներ։ Կմշակվի փորձարարական մեթոդ ազատ էներգիայի մեջ մտնող գործակիցների անմիջականորեն չափման նպատակով, ինչը թույլ կտա իրականացնել տեսական ուսումնասիրությունների և փորձարարական արդյունքների համեմատական հետազոտություն։