Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Միկրոջրիմուռները օժտված են նյութափոխանակության բարձր ճկունությամբ և ունակ են արտադրել կենսաջրածին և հակաօքսիդանտային ակտիվությամբ օժտված միացություններ: Համատեղ նախագծի նպատակն է Chlorellaceae ընտանիքի կանաչ միկրոջրիմուռների բելառուսական և հայկական շտամների աճման բնութագրերի և կենսաջրածնի արտադրության գնահատումը ֆիզիոլոգիական և կենսաքիմիական վերլուծության, թվային ֆենոտիպավորման և բջիջների ընտրության միջոցով: Նախագծի ընթացքում՝ օգտագործելով հայ և բելառուս գիտնականների միջև համագործակցությունը, մշակվելու են ջրիմուռների կենսազանգվածի և կենսաջրածնի արտադրության օպտիմալացման ժամանակակից մոտեցումներ: Ուսումնասիրվելու է սթրեսային պայմանների ազդեցությունը՝ կապված միջավայրում կենսածին տարրերի անբավարարության հետ, կենսաջրածնի ելքի վրա: Հետազոտվելու է այդ պայմանների ազդեցությունը ջրիմուռների հակաօքսիդանտային համակարգի վիճակի և ակտիվության վրա: Իրականացվելու են ջրիմուռների ֆենոտիպի վերլուծություն և առանձին բջիջների թվային ֆենոտիպավորման համակարգի փորձարկում: Ստացված արդյունքները կարևոր են կենսաջրածնի՝ որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրի, և հակաօքսիդանտային ակտիվությամբ օժտված միացությունների առավել արդյունավետ արտադրիչի ընտրության համար: Նման հետազոտությունները Հայաստանում և Բելառուսում իրականացվելու են առաջին անգամ և կնպաստեն ջրիմուռների կենսատեխնոլոգիայի և ֆենոմիկայի զարգացմանը: