Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Քաղցկեղի անընդհատ աճող դեպքերը, հիվանդությունը վերահսկելու քիմիաթերապևտիկ մեթոդների անկարողությունը և դեղամիջոցների տոքսիկությունը (որոշ դեպքերում նաև իմունոթերապիայի) պահանջում են այլընտրանքային մոտեցումներ: Այս նախագծում կհետազոտվի հեռանկարային որոշ դեղաբույսերի լուծամզվածքների արդյունավետությունը կրծքագեղձի քաղցկեղի բուժման և կանխարգելման նպատակով in vitro և in vivo: Չնայած նոր բուժական մեթոդները կլինիկական հաջողություններ են գրանցել քաղցկեղի տարբեր տեսակների համար, կրծքագեղձի քաղցկեղի համար դեռևս չկա արդյունավետ դեղամիջոց: Դեղաբույսերը համարվում են քաղցկեղի դեմ պայքարի նոր միացությունների ամենահեռանկարային աղբյուրներից մեկը: Ուստի շատ կարևոր է հստակեցնել և բացահայտել բջջի վրա դեղաբույսերի ազդեցության ուղղակի և անուղղակի թիրախները: Նախագծում կուսումնասիրվի բուսական լուծամզվածքների ազդեցությունը բջջային ազդանշանային համակարգերի (HER2/PI3K/Akt/mTOR և JAK2/STAT3) և բջջային ցիկլի կարգավորիչների (p53, p21, CDK4/6) ակտիվության վրա: Նախատեսվում է նաև պարզաբանել լուծամզվածքների ակտիվ միացությունների փոխազդեցությունը HER2, PI3K, Akt, JAK, CdK-4/6՝ օգտագործելով համակարգչային մոդելավորման ծրագրերը: Ուսումնասիրությունը կխորացնի գիտելիքները ուռուցքային բջիջների ազդանշանային համակարգերի գործունեության, իմունակենսաբանության և բույսերի լուծամզվածքների կենսաբանական դերի մասին: