Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Բուհ-կազմակերպություն կապի ամրապնդումը աշխարհի բազմաթիվ երկրների կրթական քաղաքականության առանցքում է։ Հատկապես զարգացող երկրներում այս հարցն առավել սուր է արտահայտված, քանի որ տնտեսական առաջընթացն առանց մարդկային կապիտալի զարգացման անհնար է իրականացնել։ Այս իմաստով, մրցունակ կրթության ապահովումը կարող է լինել աշխատուժի որակավորման, հետևաբար նաև արտադրողականության աճի գրավականը, ինչն էլ ուղղակիորեն կհանգեցնի տնտեսության զարգացման։ Հայաստանի Հանրապետությունում մշտապես խոսվել է կրթության և աշխատաշուկայի կապի ապահովման կարևորության մասին։ Կառավարություններն իրենց ծրագրերում հատուկ անդրադարձ են կատարել այս խնդրին և դրան հասնելու որոշակի առաջնահերթություններ սահմանել։ Այդուհանդերձ ակներև է, որ ունենք լրջագույն խնդիր` մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունների ու տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունավետ համագործակցությունը մեր երկրում բացակայում է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում բուհերի և գործատուների միջև ձևավորված ավանդույթ, մշակույթ չկա, ինչպես նաև դեռևս նախանշված չեն այն մեխանիզմներն ու կառուցակարգերը, որով պետք է այդ համագործակցությունն իրականացվի՝ սույն թեմայի ուսումնասիրությունն արդիական է և բխում է կրթության ոլորտում ՀՀ Կառավարության սահմանած գերակայություններից։