Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ծրագիրը նվիրված է Հայաստանի 12-14-րդ դդ. խոնարված և քիչ ուսումնասիրված եկեղեցական համալիրների քանդակային հարդարանքին: Այն նախատեսում է փուլային աշխատանք, բաղկացած կառույցների դաշտային հետազոտությունից, դրանց ֆիգուրատիվ ռելիեֆների և զարդաքանդակների արվեստաբանական վերլուծությունից և նյութի գիտական հրատարակումից՝ երկլեզու (հայերեն-անգլերեն) գրքի տեսքով: Հետազոտության վերջին փուլում նախատեսվում է նաև անց կացնել Հայաստանի զարգացած միջնադարի քանդակին նվիրված միջազգային գիտաժողով և դրա նյութերի հրատարակում: Ծրագրում ներառված են Հայաստանի (և Արցախի) 12-14-րդ դդ. ավերված և պահպանության տեսանկյունից առավել վտանգված հուշարձանները, ինչպես նաև գիտական շրջանառությունից դուրս մնացած համալիրները: Ընտրված ժամանակաշրջանը շատ հարուստ է վանքային համալիրների հիմնադրմամբ և մասնավորապես՝ ճարտարապետական քանդակի ձևավորված առանձնահատուկ ձևերով և ոճով, ինչով էլ պայմանավորված են ուսումնասիրության ժամանակային սահմանները: Տվյալ հետազոտությունը կնպաստի 12-14-րդ դդ. քիչ հայտնի համալիրների ընդգրկմանը հայագիտության և միջնադարագիտության ոլորտ, կվերանայի դրանց պահպանության խնդիրները և կհանգեցնի վերջիններիս հանրահռչակմանը: Ուսումնասիրությունը խիստ օգտակար կլինի մշակութաբանների, ճարտարապետության տեսաբանների, հնագետների, ազգագրագետների և միջնադարյան մշակույթով զբաղվող այլ մասնագետների համար: