Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում գործող բուհական առաջին, ամենամեծ և ցուցանմուշներով ամենահարուստ թանգարանն է:
Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է ԵՊՀ կազմավորման և կայացման ընթացքը, անվանի համալսարանականներին, ինչպես նաև համալսարանի մասնակցությունն ու արձագանքը Հայաստանի համար կարևորագույն իրադարձություններին։
Իր գոյության 60 տարիների ընթացքում թանգարանը շարունակաբար համալրվում է համալսարանին և Հայաստանում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող բազմաթիվ նյութերով (լուսանկարներ, անձնական իրեր, արժեքավոր փաստաթղթեր, հնագիտական ու ազգագրական նմուշներ, կերպարվեստի գործեր, անվանի նկարիչների ստեղծած գեղանկարներ, ԵՊՀ երախտավորների դիմանկարներ, ինչպես նաև ընծայագրերով գրքեր, տեխնիկական սարքեր և այլն):
Հետաքրքիր ցուցանմուշներով աչքի է ընկնում թանգարանի հնագիտության բաժինը, որը ձևավորվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից ստացված և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության ու ազգագրության ամբիոնի հնագիտական արշավախմբերի պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ գտածոների հիմքի վրա` քարի դարից մինչև միջնադար:
Թանգարանի ցուցադրության կարևոր մաս է 1930-ականներին բռնաճնշումների ենթարկված համալսարանականների անկյունը, որտեղ ներկայացված են նրանց մասին բացառիկ տեղեկություններ` ՀՀ ազգային արխիվի նյութերի հիման վրա:
Ուշագրավ են Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյապայքարում զոհված համալսարանականներին նվիրված ցուցավահանակները` լուսանկարներով, փաստաթղթերով, անձնական իրերով, ինչպես նաև նրանց մասին գրված գրքերով:
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին ընդառաջ՝ թանգարանը համալրվել է համալսարանին և Հայաստանում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող բազմաթիվ նոր նյութերով: Ցուցադրվել են եզակի այնպիսի նմուշներ, ինչպիսիք են Հայաստանի առաջին հանրապետության նախարարների խորհրդի՝ 1919 թ. մայիսի 16-ին ընդունած «Երևանի համալսարանի հիմնադրման մասին օրենքը», կազմակերպիչ հանձնաժողովի նիստերի սղագրություններն ու արձանագրությունները, համալսարանի առաջին կանոնադրությունը, առաջին դասացուցակը, բազմաթիվ հին փաստաթղթեր, ձեռագիր գրքեր:
Թանգարանում հնարավոր է ծանոթանալ նաև Հայաստանում բարձրագույն կրթության ձևավորման ընթացքին և ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների հիմքի վրա հանրապետությունում ստեղծված բուհերի մեծ մասի տարեգրությանը:
Թանգարանը պարբերաբար կազմակերպում է ժամանակավոր և շրջիկ թեմատիկ ցուցադրություններ, ճանաչողական դաս-էքսկուրսիաներ, կլոր սեղան-քննարկումներ և տարաբնույթ այլ միջոցառումներ:
Թանգարանում զբաղվում են նաև ԵՊՀ պատմությանը, անվանի դասախոսների կյանքին ու գործունեությանը, Արցախյան գոյամարտում զոհված համալսարանական ազատամարտիկներին վերաբերող նյութերի ուսումնասիրությամբ, որի արդյունքում հրատարակվել են մի շարք արժեքավոր գրքեր:
Թանգարանը համագործակցում է ՀՀ բուհական թանգարանների, ԵՊՀ ֆակուլտետների, ՀՀ ազգային արխիվի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ, որի շնորհիվ վերականգնվել են մի շարք կարևոր փաստաթղթեր ու առարկաներ:
Թանգարանն ամեն տարի հյուրընկալում է առաջին կուրսի ուսանողներին և հանրակրթական դպրոցների աշակերտների, նրանց ծանոթացնում համալսարանի պատմությանը, երախտավորներին, անվանի շրջանավարտներին, որոնք հետագայում գիտության բնագավառում լայն ճանաչում են ձեռք բերել ոչ միայն մեր հանրապետությունում, այլև միջազգային ասպարեզում: Համալսարանը տարեկան ընդունում է ավելի քան 2000 այցելու:
Թանգարանի հիմնադրման պատմությունը
ԵՊՀ ռեկտորի՝ 1960 թ. մարտի 22-ի № 5 որոշմամբ դրվեց ԵՊՀ պատմության թանգարանի հիմքը: Սկզբում այն գործում էր որպես կաբինետ և տեղակայված էր համալսարանի առաջին շենքում (Աբովյան փ., 52):
1965 թ. կաբինետը տեղափոխվել է համալսարանի նորակառույց համալիրի կենտրոնական մասնաշենքի 5-րդ, հետագայում` 7-րդ հարկ:
1988 թ. պատմության կաբինետի հիմքի վրա ԵՊՀ գիտահետազոտական մասի կազմում ձևավորվել է Հայաստանի բարձրագույն կրթության պատմության ԳՀ լաբորատորիա` կից թանգարանով:
1995 թ. հունվարի 1-ից թանգարանը դարձել է կառուցվածքային ինքնուրույն միավոր և կոչվել ԵՊՀ պատմության թանգարան, որի հիմնադիր տնօրենն էր պրոֆ. Լ. Ղարիբջանյանը:
2009 թ. բարենորոգված թանգարանը հարմարեցվել է ցուցադրությունների տրամաբանությանը և բացվել նոր ցուցադրություն` մի քանի բաժիններով:
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ գիտխորհրդի՝ 2019 թ. սեպտեմբերի 2-ի № 1/1 որոշմամբ թանգարանի հիմնադրման և հետագա զարգացման գործում պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի ունեցած անգնահատելի ավանդի համար թանգարանն անվանակոչվել է նրա անունով:
Թանգարանում առանձնապես կարևորվում է Երևանի պետական համալսարանի պատմությանը վերաբերող ցուցադրությունը, որը պատմում է ԵՊՀ կառուցվածքի, ֆակուլտետների, ռեկտորների, հիմնադիր դասախոսների ու երախտավորների, ուսանողական ակտիվ կյանքի, ինչպես նաև համալսարանի միջազգային համագործակցային կապերի մասին: