- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ-2023»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 25, 2023 | 16:43
Կրթություն
Գիտություն
«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ-2023»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսհաստատությունների մասնակիցները «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ին, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, ներկայացրին 80-ից ավելի հետազոտական նախագծեր «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Հասարակական գիտություններ» անվանակարգերում:
Օճառի ստացման եղանակների հետազոտությունից մինչև մրգերից ու բանջարեղեններից էլեկտրաէներգիայի ստացման ուսումնասիրություն և ֆոտոսինթեզի մոդելավորում. փառատոնի եզրափակիչ փուլում նմանօրինակ մի շարք հետազոտություններ ներկայացրին միջին և ավագ դասարանների աշակերտները անհատապես կամ երկուհոգանոց խմբերով և գիտական ղեկավարի աջակցությամբ: Դրանք 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրենց իսկ առաջադրած և իրականացրած հետազոտական նախագծերն էին:
ԵՊՀ գիտաշխատող, «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ի ժյուրիի նախագահ Հայկ Զաքարյանի խոսքով՝ փառատոնը նպատակ ունի նպաստելու դպրոցականների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, ինչպես նաև ծանոթացնելու գիտական մեթոդներին, նորարարական նախագծերի իրականացման գործընթացին և զարգացնելու կատարած աշխատանքը ներկայացնելու հմտությունները:
«Աշխատանքների գնահատման չափանիշները մի քանիսն են, և ներկայացված նախագծերից լավագույնները որոշվում են՝ հաշվի առնելով, թե աշակերտները որքանով են ինքնուրույն աշխատել և տվյալներ մշակել: Կարևոր է նաև ներկայացման ձևը, խնդրի հստակ, գիտական ձևակերպման առկայությունը, կիրառած մեթոդների ներկայացումը և այլն»,- ընդգծեց Հ. Զաքարյանը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ի ժյուրիի անդամ Լիլիթ Գաբրիելյանը, մեզ հետ զրույցում արժևորելով այսօրինակ փառատոների կազմակերպումն ու դպրոցականների՝ գիտության մեջ ներգրավումը, ասաց. «Աշակերտների համար շատ ոգևորիչ է, երբ հնարավորություն են ունենում դպրոցներում իրագործելու հետաքրքիր նախագծեր, ինչպես նաև մասնակցելու բուհերի գիտական տարբեր խմբերի աշխատանքներին. այս ամենի մասին են վկայում նրանց փայլող աչքերը և ոգևորվածությունը»:
Նշենք, որ փառատոնին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ, տարբեր դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ և այլ այցելուներ։
Միջոցառման ավարտին մասնակցության հավաստագրեր են հանձնվել փառատոնի բոլոր մասնակիցներին։
Հավելենք, որ մասնագիտական ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցների ծրագրերը կներկայացվեն ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում կայանալիք միջազգային գիտական և ճարտարագիտական «Regeneron» տոնավաճառում, ինչպես նաև Երիտասարդ գիտնականների «ԵՄ EUCYS» մրցույթում, որը տեղի կունենա 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը Բրյուսել քաղաքում (Բելգիայի Թագավորություն):