- Գլխավոր
- Նորություններ
- ՆԵՎԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷԻՆ «ԹԱՎՇՅԱ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Հունիս 11, 2018 | 16:56
Հասարակություն
ՆԵՎԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷԻՆ «ԹԱՎՇՅԱ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Այսօր ԵՊՀ կոնֆլիկտաբանության կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը ներկա էին Նևադայի համալսարանի պրոֆեսոր, բազմաթիվ գրքերի հեղինակ Պերճ Բերբեյանը (Բերբերօղլին) և Նևադայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները:
«Թավշյա հեղափոխությունը և նոր Հայաստանը. սոցիոլոգիական տեսանկյուն» խորագրով քննարկման ժամանակ պրոֆեսոր Բերբերյանը պատմեց նոր գրքի մասին, որն արդեն տպարանում է: Այն սոցիալական տարբեր շարժումների և տրանսֆորմացիաների մասին է, սակայն վերջնաժամկետի պատճառով հայաստանյան հեղափոխությունն այնտեղ ներառված չէ: Պրոֆեսորը լիահույս էր, որ «թավշյա» հեղափոխության մասին դեռ կհասցնի գրքեր գրել:
Խոսելով տեղի ունեցած իրադարձությունների բացառապես խաղաղ բնույթի մասին՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը նշեց, որ շատ հետաքրքիր իրավիճակ էր. «Մեզ որոշ պետություններ ներկայացնում են որպես ագրեսոր, սակայն հեղափոխության ամբողջ ընթացքում աշխարհը տեսավ հակառակը»:
Արթուր Աթանեսյանը նաև պատմեց, թե ինչպես ցույցերի ժամանակ մի խումբ մագիստրոսների հետ Հանրապետության հրապարակում չափումներ իրականացրին՝ պարզելու, թե մարդիկ ինչ խմբերով են գալիս, ինչ թեմաների շուրջ են զրուցում և ինչ դիրքորոշում ունեն:
Պրոֆեսոր Պերճ Բերբեյանը խոսեց Սփյուռքի հոգեվիճակի մասին. «Սփյուռքը ևս ներառված էր, մարդիկ շատ հպարտ և ոգևորված էին: Առավոտյան վաղ արթնանում էին և հետևում ուղիղ հեռարձակումներին»:
Ամերիկահայ ուսանողներից մեկը պատմեց, որ Գլենդելում մարդիկ դրոշներով դուրս էին եկել, փակել փողոցները և խորոված էին անում:
Արթուր Աթանեսյանը, խոսելով փոփոխությունների մասին, նշեց, որ, այնուամենայնիվ, տնտեսական փոփոխություններ տեղի չունեցան:
«Մենք շարունակում ենք ապրել նույն տնտեսական համակարգում: Ավելի շատ սեքսուալ հեղափոխություն տեղի ունեցավ: Մարդիկ, ովքեր սոցիալ-մշակութային պատճառներով սովոր էին թաքցնել զգացմունքները, ազատ համբուրվում էին փողոցներում»,- մեկնաբանեց նա:
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը, խոսելով անձի իրավունքների մասին, նշեց. «Մենք միշտ խոսել ենք պետական անվտանգության, բայց երբեք անձի անվտանգության մասին: Միշտ լսել ենք, որ սահմանում անհանգիստ է, և այդ պատճառով դադարեցրել ենք որևէ հարցի բարձրաձայնում: Այս անգամ այդպես չէր»:
Պրոֆեսոր Պերճ Բերբեյանն ընդգծեց խաղաղ ընթացքի կարևորությունը. ոչ մի զոհ չունենալը և ուժային կառույցների հանդեպ հարգանք և զսպվածություն ցուցաբերելու առաջնորդի հստակ կոչն ամենալուրջ ձեռքբերումներն էին:
Նշվեց նաև, որ համեմատություններն Ուկրաինայի դեպքերի հետ սխալ էին: Հայաստանն արտաքին ոչ մի ուժի դեմ կամ կողմ չէր:
Նևադայի համալսարանի ուսանողները նշեցին նաև, որ, ի տարբերության ամերիկյան ակտիվ հասարակության, Հայաստանում ցույցերի մասնակիցների տարիքային շեմը ցածր էր. հիմնականում մասնակցում էին ուսանողները, այնինչ ԱՄՆ-ում քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ցուցաբերում են 35 տարեկանից բարձր մարդիկ:
Խոսելով հեղափոխության ընթացքին կանանց մասնակցության մասին՝ Գոհար Շահնազարյանը նշեց, որ կանայք ցուցաբերեցին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, սակայն հիմա, ինչպես նկատվում է, կառավարությունում տեղ գտան մեծամասամբ տղամարդիկ, ինչը վկայում է գենդերային կարծրատիպերի առկայության մասին:
Քննարկման ընթացքում ուսանողները փոխանակվեցին ԱՄՆ-ում և Հայաստանում կանանց սոցիալական դերի մասին իրենց դիտարկումերով, հեղափոխության ընթացքի և ձեռքբերումների մասին իրենց մտքերով և կանխատեսություններով:
Մարի Ռաֆյան