- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԿՈԼԵԿՏԻՎ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Մայիս 03, 2021 | 15:28
Հասարակություն
ԵՊՀ ԿՈԼԵԿՏԻՎ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
2021 թ. մայիսի 21-ին լրանում է ԵՊՀ գործող կոլեկտիվ պայմանագրի ժամկետը, ուստի շուրջ երկու ամիս առաջ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ու ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահի համատեղ որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով:
Հանձնաժողովում ներառվել են գործատուի և Արհկոմի 3-ական ներկայացուցիչներ: Մասնավորապես գործատուի կողմից հանձնաժողովի անդամներ են առաջադրվել ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանն ու Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանը, իսկ Արհկոմը ներկայացնում են Արհեստակցական կազմակերպության նախագահի օգնական Էդգար Չախոյանը, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ Տիգրան Աբրահամյանն ու Իրավագիտության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ Աշոտ Պետրոսյանը:
«Կոլեկտիվ պայմանագրի նախագիծը քննարկվել է հանձնաժողովի կողմից, հավանության արժանացել և օրենքով սահմանված կարգով ուղարկվել ԵՊՀ-ում գործող բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք էլ մինչև մայիսի 11-ը պետք է քննարկումներ անցկացնեն և գրավոր ներկայացնեն բոլոր դիտողություններն ու առաջարկությունները: Եթե մինչև վերը նշված ժամկետն առաջարկություններ կամ դիտողություններ չլինեն, ապա կողմերը կկնքեն կոլեկտիվ պայմանագիրը, ու այն 3 տարի ժամկետով ուժի մեջ կմտնի հրապարակելուց անմիջապես հետո»,- պարզաբանում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը: