- Գլխավոր
- Նորություններ
- Իրականացվել է «Հայաստանն այսօր եւ վաղը» խորագրով դասախոսությունների շարք
Մայիս 03, 2021 | 17:01
Ուսանողական
Իրականացվել է «Հայաստանն այսօր եւ վաղը» խորագրով դասախոսությունների շարք
Ապրիլի 26-ից 30-ը ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Հայաստանն այսօր և վաղը» խորագրով դասախոսությունների շարք:
Դասախոսությունների շարքի նպատակն էր հնարավորություն տալ մասնակիցներին ստանալու ավելի խորքային գիտելիքներ և ծանոթանալու ոլորտի առաջատար մասնագետների վերլուծություններին մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ։
Վերջին շրջանում տարբեր հարթակներից հաճախ հնչում են պետության ներկայիս վատ դրության ու ապագայի մռայլ կանխատեսումների վերաբերյալ թեզեր: Այս համատեքստում «Հայաստանն այսօր և վաղը» խորագրով դասընթացաշարի նպատակն էր ցույց տալ մեր մասնակիցներին, որ մեր երկիրն այժմ որքան էլ վատ ներկա ունենա, ունի ապագա, և այդ ապագան կախված է մեզնից յուրաքանչյուրից։
Հանդիպումների ընթացքում բանախոսությամբ հադես եկավ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը, ով խոսեց «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում» թեմայի շուրջ: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը ներկայացրեց «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները․ ԵԱՏՄ ստեղծման առաջին հնգամյակը․ նոր հնարավորություններ Հայաստանի համար» թեմայով դասախոսություն:
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագիտության ամբիոնի դասախոս Վարուժան Գեղամյանը ներկայացրեց «Հայաստանը և թուրքական տանդեմը» թեման, իսկ բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող Դավիթ Սարգսյանը խոսեց «Ապատեղեկատվությունը մամուլում» թեմայի համատեքստում:
Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանը խոսեց «ՀՀ տնտեսական քաղաքականության մարտահրավերները և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտությունը հետպատրերազմյան Հայաստանում» թեմայի շուրջ: Դասընթացաշարի վերջին բանախոսն էր Տեր Արարատ քահանա Պողոսյանը, ով ներկայացրեց դասախոսություն «Հայ Առաքելական եկեղեցին» թեմայի շուրջ։
Շնորհակալություն ենք հայտնում բանախոսներին հետաքրքիր դասախոսությունների համար, իսկ ուսանողներին՝ ակտիվ մասնակցության համար: