- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՆ բուհերի ուսանողները ԵՊՀ-ում խորացրել են ռուսերենի իմացությունը
Օգոստոս 04, 2023 | 11:00
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
ԱՄՆ բուհերի ուսանողները ԵՊՀ-ում խորացրել են ռուսերենի իմացությունը
ԵՊՀ-ում ամփոփվեց Հայաստանում Ամերիկյան խորհուրդների նախաձեռնած «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրությունների» 8-շաբաթյա ծրագիրը, որի շրջանակում ԱՄՆ բուհերի 25 ուսանողներ ուսումնառել են ԵՊՀ-ում:
Ծրագիրը նպատակ ունի ինտենսիվ և տարաբնույթ դասընթացների շնորհիվ զարգացնելու մասնակիցների՝ ռուսաց լեզվի իմացությունը:
Հարվարդի, Սթենֆորդի, Եյլի, Հյուսիսային Կարոլինայի, Ինդիանայի, Կալիֆոռնիայի և այլ բուհերի 25 ուսանողները ծրագրի մեկնարկին առանձնացվել են 4 խմբերում՝ ըստ լեզվի իմացության մակարդակի: Հատուկ մշակված ուսումնական ծրագրի շրջանակում շաբաթական 4 օր և օրական 6 ժամ մասնակիցները ուսումնառել են ռուսաց լեզվի քերականություն, հնչյունաբանություն, ռուս գրականություն, Ռուսաստանի լեզվաերկրաբանություն, պատմություն և այլն: Ծրագրի շրջանակում դասախոսել են ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մ․գ․թ․, դոցենտ Պավել Բալայանը և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ:
Սթենֆորդի համալսարանի ուսանող Գրանթ Թիրոֆը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ԵՊՀ-ն հետխորհրդային երկրների ցանկում այն եզակի համալսարաններից է, որտեղ իրականացվում է այս համապարփակ ծրագիրը:
«Անվանումից և ընդհանուր նկարագրությունից պարզ էր ծրագրի էությունը, սակայն գալուց հետո դրականորեն զարմացա դասընթացների բնույթից, բովանդակությունից, ուսուցման համար կիրառվող դասագրքերից ու գրականությունից, որոնք նպատակ ունեն զարգացնելու ռուսաց լեզվի իմացությունը՝ միաժամանակ հաղորդելով գիտելիքներ ռուսական մշակույթի, գրականության, պատմության և այլնի մասին»,- նշեց Գրանթը և հավելեց. «Նկատել եմ, որ այս կարճ ժամանակահատվածում բարելավել եմ լեզվի իմացությանս մակարդակը, ինչը խոսում է ծրագրի արդյունավետության մասին»:
Գրանթը շեշտեց, որ ծրագրի հաջողության գրավականներից էր նաև դասախոսական կազմը, որի ներկայացուցիչների ընկերական ու ջերմ վերաբերմունքը և սրտացավությունը տպավորել են իրեն: Նրա խոսքով՝ դասախոսներն իրենց վերաբերվում էին ոչ միայն որպես ուսանողների, այլև որպես հյուրերի և անում էին առավելագույնը՝ Հայաստանի մասին լավ տպավորություն թողնելու համար:
Հայաստանի ճանաչողության մեծացմանը նպաստել են նաև ամեն ուրբաթ ծրագրի մասնակիցների համար կազմակերպվող էքսկուրսիաները, թանգարանային ու մշակութային այլ վայրերի այցելությունները:
Մեզ հետ զրույցում Ջորջթաունի համալսարանի ուսանող Ջերեմի Քոհենը շեշտեց, որ, ի տարբերություն Միացյալ Նահանգների, Հայաստանը փոքր երկիր է, և դրա շնորհիվ իրենք հնարավորություն են ունեցել բացահայտելու այն տարբեր կողմերից՝ լինելով Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Զվարթնոցում, Դիլիջանում, Գյումրիում, այցելելով պատմամշակութային վայրեր և միաժամանակ վայելելով Հայաստանի բնությունը, ինչը, ըստ Ջերեմիի, չես կարող անել ԱՄՆ-ում:
«Նախկինում եղել եմ նաև հետխորհրդային այլ երկրներում՝ Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում և որոշակի պատկերացում ունեի հետխորհրդային երկրների մասին, բայց Հայաստանը յուրովի բացահայտեցի հենց այստեղ»,- ասաց Ջերեմին ու հավելեց. «Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է այն, որ մենք Երևանում ապրում էինք հյուրընկալող ընտանիքի հետ, ինչը հնարավորություն տվեց ծանոթանալու հայերի ապրելակերպին, սովորույթներին և հայոց լեզվին»:
Ջերեմիի կարծիքով՝ հայերենը շատ գեղեցիկ ու միաժամանակ շատ բարդ լեզու է, սակայն ինքը կարևոր է համարում այն սովորելը:
«Ութ շաբաթը երկար ժամանակ չէր, սակայն որպես հյուր ցանկացա ցույց տալ իմ հարգանքն այսպիսի «ուժեղ» պատմություն ունեցող երկրի մշակույթին ու լեզվին՝ փորձելով սովորել ու առօրյայում խոսել հայերենով»,- ընդգծեց նա:
Ջերեմին ասաց, որ Երևանը հրաշալի քաղաք է ապրելու և ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար, սակայն ինքը շատ է հավանել նաև Գյումրին, որտեղ այցելել է իրեն հյուրընկալող ընտանիքի հետ՝ անմիջականորեն ծանոթանալով տեղացիների կյանքին ու քաղաքի տարբեր անկյուններին: Թեև Ջերեմին եղել է Հայաստանի բազմաթիվ վայրերում, այնուամենայնիվ չի հասցրել լինել Սևանում, Սյունիքում և այլուր, ուստի սա առիթ է կրկին վերադառնալու և նոր բացահայտումներ կատարելու:
Նշենք, որ ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագիր և խրախուսական մրցանակ: Ամառային այս ծրագիրը ԵՊՀ-ում իրականացվում է 2-րդ անգամ, և «Հայաստանում Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության նախաձեռնությամբ պլանավորվում է ԵՊՀ-ում իրականացնել առավել երկարաժամկետ ծրագրեր: