- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ կենսաբանները նպաստում են ջրածնային տնտեսության կայացմանը
Սեպտեմբեր 19, 2023 | 11:12
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ կենսաբանները նպաստում են ջրածնային տնտեսության կայացմանը
Ջրածինը համարվում է ապագայի վառելիք, ուստի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտական խումբը ձեռնամուխ է եղել նպաստելու ջրածնահենք տնտեսության կայացմանը` աշխատելով ջրածին արտադրող և օքսիդացնող հիդրոգենազ ֆերմենտների հետ:
ԵՊՀ հետազոտողներն այդ ֆերմենտները կիրառում են կենսաբանական ջրածնային սենսորների և կենսավառելիքային սարքերի ստացման համար՝ փորձելով գեներացնել էլեկտրական հոսանք:
ԵՊՀ կենսաբանները գիտական ուսումնասիրությունը կատարում են բելառուսցի գործընկերների հետ համագործակցությամբ՝ հայ-բելառուսական գիտական դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: 2016 թվականից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը և Բելառուսի ԳԱԱ մանրէաբանության ինստիտուտը համատեղ իրականացրել են 2 դրամաշնորհային ծրագիր՝ բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում տպագրելով հոդվածներ, կազմակերպելով փոխադարձ այցեր, դասախոսություններ, գիտափորձեր ու գիտաժողովներ: 2021 թվականին մեկնարկած և այժմ իրականացվող 3-րդ դրամաշնորհային ծրագիրը «Օքսիդավերականգնողական ֆերմենտների և սիդերոֆիլային նանոմասնիկների համալիրների դերը` կենսավառելիքային սարքերի էլեկտրոդների էլեկտրակատալիզային գործընթացների բարելավման մեջ» գիտական թեմայով է:
Հետազոտական խմբի ղեկավար, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ, կ.գ.դ. Աննա Փոլադյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ հայկական կողմն ունի աշխատանքի մեծ փորձ հիդրոգենազ ֆերմենտների հետ, որոնք ջրածինը վերածում են 2 էլեկտրոնի, 2 պրոտոնի և՝ հակառակը, իսկ բելառուսական կողմը մասնագիտացած է օքսիդոռեդուկտազ ֆերմենտների արտադրությամբ, որոնց հիմքով կենսաբանական վառելիքային սարքերի զարգացումը արդյունաբերության, բժշկության և շրջակա միջավայրի համար նոր սերնդի էլեկտրոնային սարքերի արտադրության նախադրյալ է:
Գիտական խմբի հայազգի անդամներն են վերոնշյալ ամբիոնի ասիստենտ, կ.գ.թ. Սյուզաննա Բլբուլյանը, ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, դոցենտ Անահիտ Վասիլյանը և ամբիոնի մագիստրոս Տաթև Մանուցյանը: Բելառուսական խմբում 5 գիտնականներ ու գիտաշխատողներ են:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում Բելառուսի ԳԱԱ մանրէաբանության ինստիտուտի փոխտնօրեն Տատյանա Սեմաշկոն այցելել է ԵՊՀ, Կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և ուսանողների համար կարդացել դասախոսություն՝ «Ֆերմենտային պատրաստուկների ստացման տեխնոլոգիաները և դրանց օգտագործումը բժշկության մեջ» թեմայով:
Մեզ հետ զրույցում Տատյանա Սեմաշկոն, անդրադառնալով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գործընկերների հետ երկարամյա համագործակցությանը, նշեց. «Շատ հաճելի է շփվել ու աշխատել գիտական ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ԵՊՀ մեր գործընկերների հետ, որոնք ունեն գիտելիքների բարձր մակարդակ, կարողանում են տալ գաղափարներ և ներկայացնել նոր դիտանկյուն: Երկուստեք կա ցանկություն համագործակցությունը շարունակելու և գիտական նոր ծրագրեր կյանքի կոչելու»:
Աննա Փոլադյանը շեշտեց, որ ծրագրում են բարելավել իրենց գրանցած արդյունքները՝ կիրառելով նանոկոմպոզիտներ, որոնք կխթանեն հիդրոգենազ ֆերմենտների աշխատանքը:
Երկու տարի տևողությամբ այս գիտական թեման մոտենում է ավարտին: Խումբն ունի համատեղ գիտական աշխատանքներ, նաև ընթացքի մեջ է միջազգային գրախոսվող ամսագրում գիտական հոդվածի տպագրությունը:
Նշենք, որ Գերմանիայի Համբուրգ քաղաքում հուլիսին կայացած Եվրոպական մանրէաբանական ընկերությունների ֆեդերացիայի (FEMS 2023) կազմակերպած գիտաժողովին Աննա Փոլադյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով այս գիտական թեմայի արդյունքները: