- Գլխավոր
- Նորություններ
- Ֆունկցիոնալ սնունդը որպես դեղամիջոց. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Հոկտեմբեր 01, 2023 | 16:35
Գիտություն
Կոնֆերանսներ
Հետազոտություն
Ֆունկցիոնալ սնունդը որպես դեղամիջոց. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ մեծ դահլիճում ս.թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն անցկացվեց «Ֆունկցիոնալ սննդամթերք և կենսաբանական ակտիվ միացություններ. ժամանակակից և միջնադարյան մոտեցումներ» խորագրով միջազգային 31-րդ գիտաժողովը, որի նպատակն էր հայ գիտնականներին ներկայացնել ֆունկցիոնալ սննդի արտադրություն ստեղծելու հնարավորությունները։
Հայաստանում առաջին անգամ անցկացվող գիտաժողովը կազմակերպվել էր հիբրիդային ձևաչափով։ Այն ուներ 126 մասնակիցներ՝ ավելի քան 50 երկրներից, և ևս 5500 առցանց ունկնդիր։ Ընդհանուր առմամբ, գիտաժողովին ներկայացվեց 140 զեկույց:
Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին ֆունկցիոնալ սննդի արդյունավետությունը, որը բնական կամ վերամշակված սննդամթերք է և պարունակում է կենսաբանորեն ակտիվ միացություններ: Այդ միացություններն ապահովում են կլինիկորեն ապացուցված և փաստագրված առողջապահական առավելություններ՝ օգտագործելով հատուկ բիոմարկերներ՝ նպաստելու առողջության բարելավմանը, նվազեցնելու քրոնիկ և վիրուսային հիվանդությունների ռիսկը։
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.դ. Աննա Փոլադյանը մեզ հետ զրույցում արժևորեց նման միջոցառումների դերը համալսարանի միջազգայնացման գործում։
«Մեծ հեղինակություն վայելող միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նման միջոցառումների անցկացումը համալսարանում գործընկերային նոր կապեր ստեղծելու հնարավորություն է ընձեռում աշխատակիցներին և ուսանողներին»,- ասաց Ա․ Փոլադյանը:
Ոլորտի տարբեր ճյուղերի նեղ մասնագիտացում ունեցող գիտնականները գիտաժողովի ժամանակ ներկայացրին իրենց կատարած հետազոտություններն ու դրանցից ստացված արդյունքները, ինչպես նաև լսեցին գիտական հանրույթի կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ։
Անդրադառնալով գիտաժողովի թեմայի միջգիտակարգային նշանակությանը՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատող, կ.գ.թ. Նաիրա Սահակյանը փաստեց, որ այս թեման հետաքրքրում է ոչ միայն կենսաբաններին, այլև բժշկության և սննդի արտադրության ոլորտի մասնագետներին։ Նա, խոսելով գիտաժողովին իր ներկայացրած զեկույցի մասին, նշեց, որ այն նվիրված էր հայկական բուսաշխարհում աճող և բուժական արժեք ունեցող բույսերից անջատված մետաբոլիկների ազդեցությանը քրոնիկ հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում։
Անդրադառնալով իր հետազոտության թեմատիկ ընդգրկմանը՝ Ն. Սահակյանը նշեց. «Ուսումնասիրությունների համար հիմնականում ընտրում ենք այնպիսի բույսեր, որոնք լայն կիրառություն ունեն և կարող են դառնալ թափոններ (օրինակ՝ տարբեր հատապտուղների տերևները): Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ դրանք ներառում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ միացություններ, որոնք կարող են կիրառվել մետաբոլիկ խանգարումների (շաքարային դիաբետ, քաղցկեղին առնչվող փոփոխություններ ու շեղումներ, հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիր և այլն) բուժման նպատակով»։
Քանի որ Հայաստանում լրջագույն քայլեր են կատարվում գիտության ասպարեզում հաջողություններ գրանցելու ուղղությամբ, և օրեցօր աճում է հետաքրքրվածությունը գիտության նկատմամբ, ուստի ԱՄՆ ֆունկցիոնալ սննդի կենտրոնը ի դեմս հայազգի նախագահ Դանիկ Մարտիրոսյանի, որոշել է այս տարի գիտաժողովն անցկացնել Հայաստանում։
Անդրադառնալով գիտաժողովի կազմակերպման շարժառիթներին՝ Դ․ Մարտիրոսյանն ասաց․ «Ֆունկցիոնալ սննդի առանձնահատկությունների բացահայտմանը նվիրված այս գիտաժողովի ժամանակ վերահաստատվեց, որ ֆունկցիոնալ սնունդը երկարակեցության գրավականներից է։ Փաստորեն, կենսաբանները ստեղծում են այնպիսի սնունդ, որը կունենա դեղաբանական նշանակություն և հավասարազոր ազդեցություն, սակայն չի լինի դեղամիջոց»։
Գիտաժողովի մասնակից, բրազիլացի հետազոտող Մարիամ Ադեգբոյեգան, որի ուսումնասիրությունը վերաբերում էր սննդի մեջ առկա առողջարար բաղադրիչների՝ որպես դեղամիջոցի կիրառելու հնարավորությանը, շեշտեց, որ քննարկվող թեման չափազանց արդիական է։ Նա ընդգծեց, որ գիտաժողովը շատ կարևոր էր նաև իր հետազոտության համար, քանի որ գիտաժողովի շրջանակում արծարծված թեմաները, քննարկումները և ոլորտում առկա խնդիրների՝ առաջարկվող լուծումները հնարավորություն կտան իրեն առավել հանգամանալից հետազոտություն կատարելու։
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ԱՄՆ ֆունկցիոնալ սննդի կենտրոնի (Functional Food Center) համատեղ ջանքերով։