- Գլխավոր
- Նորություններ
- Գիտական նոր ուսումնասիրություններ՝ միտված գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը
Հոկտեմբեր 27, 2023 | 11:54
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Գիտական նոր ուսումնասիրություններ՝ միտված գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ․գ․դ․ Կարեն Ղազարյանը և կրտսեր գիտաշխատող, կ․գ․թ․ Աբհիշեկ Սինխը համատեղ հետազոտություններ են կատարում գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի բնագավառում։ Համագործակցության շրջանակում գիտնականները խմբագրել են «Nanopriming Approach to Sustainable Agriculture» գիրքը, որը հրատարակել է աշխարհի առաջատար գիտական հրատարակչություններից մեկը՝ «IGI Global USA»-ը։
435 էջից բաղկացած «Nanopriming Approach to Sustainable Agriculture» գիրքը գյուղատնտեսության ոլորտում նանոտեխնոլոգիայի վերջին նվաճումների մասին համապարփակ ակնարկ է, որն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ մշակաբույսերի արտադրություն, պաշտպանություն, հողի բերրիություն, բերքի բարելավում և այլն: Գրքում մանրամասն ներկայացվում են կլիմայի փոփոխության հարուցած այն մարտահրավերները, որոնք լրջորեն ազդում են մշակաբույսերի բերքատվության վրա։
Ընդլայնելով գյուղատնտեսության ոլորտի հանդեպ հետաքրքրությունը՝ երկու գիտնականները կատարում են նոր հետազոտություն՝ «Կանաչ նանոտեխնոլոգիաները որպես մշակաբույսերի արտադրության նպատակով գյուղատնտեսական հողերի աղակալումը կանխարգելելու և արդիական էկոլոգիական հիմնախնդիրը լուծելու մոտեցում» թեմայով։ Գիտական հետազոտությունը կատարվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» մրցույթի շրջանակում։ Հետազոտության շրջանակում գիտնականները նպատակ ունեն գնահատելու հողերի աղակալվածությունը Արարատյան դաշտի այն շրջաններում, որտեղ մեծ է ցորենի աճեցման հնարավորությունը, ինչպես նաև մշակելու հողերի աղակալումը կանխարգելելու մոտեցումներ։
Կ․գ․դ․, դոցենտ Կարեն Ղազարյանը, ընդգծելով հետազոտության կարևորությունը, նշեց, որ աղակալումը խոչընդոտում է գյուղատնտեսության աշխատանքների արդյունավետությանը՝ նվազեցնելով մշակաբույսերի բերքատվությունը։ Նա փաստեց, որ էկոլոգիական նմանատիպ խնդիր կա նաև Արարատյան դաշտում, որն ազդում է ցորենի արտադրության վրա։
«Հողի աղիությունը բացասաբար է անդրադառնում ցորենի ձևաբանական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ցուցանիշների վրա, ինչպիսիք են՝ սածիլների աճի արագությունը, բույսի բարձրությունը, ընձյուղների և արմատների երկարությունը, արմատների և տերևների քանակը, տերևի մակերեսը, թաց և չոր քաշը, արմատ-ընձյուղ հարաբերակցությունը, քլորոֆիլի պարունակությունը, ֆոտոսինթեզի ինտենսիվությունը և այլն»,- բացատրեց Կ․ Ղազարյանը՝ հավելելով, որ հետազոտությունը առավել լայն պատկերացում կտա խնդրի վերաբերյալ։
«Կենսածին նանոմասնիկները լայնորեն կիրառվում են էկոլոգիապես մաքուր եղանակով սթրեսադիմացկուն բույսեր ստանալու համար: Այդ առումով կարևոր հատկություն է նաև բույսերի աղադիմացկունությունը։ Այս կանաչ տեխնոլոգիայի ժամանակ օգտագործվում են անվտանգ նյութեր, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա»,- նկատեց Կ․ Ղազարյանը:
Գիտական նախագծի իրականացման ժամանակ օգտագործվելու են բուսական հումքից ստացված կենսածին նանոմասնիկներ, որոնք ցորենի տարբեր գենոտիպերի համար ծառայելու են որպես աղիության սթրեսը մեղմելու նորարարական մեթոդ: Այդ նպատակով կենսածին նանոմասնիկների սինթեզման համար օգտագործվելու են Հայաստանում աճեցվող տարբեր մշակաբույսեր: Կենսածին նանոմասնիկները կիրառվելու են տերևային ցողման մեթոդով, իսկ բույսերը աճեցվելու են ինչպես վեգետացիոն փորձերի համար նախատեսված տարաներում, այնպես էլ փորձարարական հողամասերում:
Ներկայացնելով հետազոտության գործընթացը՝ Աբհիշեկ Սինխը նշեց, որ հետազոտության համար հիմք հանդիսացող հողի նմուշները վերցվելու են 0-15 սմ խորությունից՝ փորձարարական դաշտի 10 կետից։ Հողի նմուշները վերցվելու են երկու անգամ՝ ցորենի ցանքսի սկզբում և բերքահավաքի վերջում։ Ցորենի բույսի նմուշները նույնպես հավաքվելու են տվյալ փորձադաշտերից՝ աղի պայմաններում կազմաբանական, ֆիզիոլոգիակենսաքիմիական և մոլեկուլային անալիզի համար:
«Այսօրինակ ագրոնոմիական, ձևաբանական, ֆիզիոլոգիակենսաքիմիական և մոլեկուլային գնահատումները լայնածավալ տեղեկություններ կտրամադրեն Արարատյան դաշտում կենսածին նանոմասնիկների կիրառման և աղակալման կանխարգելման գործում դրանց դերի վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա ապագայում ավելացնելու ցորենի արտադրությունը ավելի կայուն և օրգանական եղանակով»,- մանրամասնեց Սինխը:
Հետազոտողը վստահեցրեց, որ կենսածին նանոմասնիկների կիրառումը օգտակար կլինի նաև Արարատյան դաշտում աճող և հողի աղիության հանդեպ զգայուն այգեգործական այլ մշակաբույսերի համար:
Նշենք, որ ծրագրի տևողությունը երկու տարի է։ Հետազոտությունները կատարվում են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնում ու Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կիրառական կենսաբանության և էկոլոգիայի լաբորատորիայում։