- Գլխավոր
- Նորություններ
- ԳԽ-ն հաստատել է ԵՊՀ ամբիոնի վարիչների ընտրության վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների գիտխորհուրդների որոշումները
Հոկտեմբեր 26, 2023 | 17:42
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Կրթություն
ԳԽ-ն հաստատել է ԵՊՀ ամբիոնի վարիչների ընտրության վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների գիտխորհուրդների որոշումները
Օրակարգային ու ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ հաստատվել են ամբիոնների վարիչների ընտրությունների վերաբերյալ որոշումները, 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների անվանացանկը, հրատարակության երաշխավորվել ներկայացված աշխատությունները, ինչպես նաև քննարկվել են մի շարք հարցեր ու առաջիկա անելիքներ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը ԳԽ անդամներին տեղեկացրեց, որ ԵՊՀ է տեղափոխվել արցախցի 1040 ուսանող, ապա ներկայացրեց իրավիճակով պայմանավորված առկա խնդիրներն ու անելիքները։ Ռեկտորը նշեց, որ ԵՊՀ-ն, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, շարունակելու է տարբեր ձևաչափերով աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն ստորաբաժանումներին, կամավոր ուսանողներին ու գործընկեր կազմակերպություններին, որոնք իրենց ծառայություններով ու գործողություններով ներգրավված են աջակցության տարբեր ծրագրերում։
Այնուհետև անցնելով օրակարգի հաստատմանը՝ ԵՊՀ ՈւԽ նախագահ Խաչիկ Աբաջյանն առաջարկեց դրանում ներառել նաև ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն՝ «Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) սովորող բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին պետական կրթաթոշակ չտրամադրելու որոշման» քննարկման հարցը։
Ընդունելով օրակարգն ու անցնելով առաջարկված հարցերի քննարկմանը՝ ԳԽ-ն հաստատեց ԵՊՀ ամբիոնի վարիչների ընտրության վերաբերյալ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների գիտխորհուրդների որոշումները։ ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց ամբիոնների նորընտիր վարիչներին՝ նրանց մաղթելով արդյունավետ գործունեություն։
Հաջորդիվ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հ․ Ժամհարյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների անվանացանկը։ Ընդհանուր առմամբ, ԳԽ հաստատմանը ներկայացվեցին ԵՊՀ ֆինանսավորմամբ 47 անվանական կրթաթոշակ (50 թեկնածու), իսկ արտաքին ֆինանսավորմամբ 13 անվանական կրթաթոշակ (18 թեկնածու) և 4 անվանական նոր կրթաթոշակ Ժուռնալիստիկայի, Քիմիայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում ու Ֆիզիկայի ինստիտուտում, որոնք հավանության արժանացան։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունների հրատարակության երաշխավորման հարցը, որը ևս հավանության արժանացավ։
Այնուհետև ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց կրթական ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվության նոր ձևաչափը, որը բաղկացած է երկու փաստաթղթից՝ հաշվետվության նկարագրական-վերլուծական բաժին ու տվյալների շտեմարան։ Հաշվետվության ներկայացման փուլերի, ձևաչափի բաղկացուցիչ մասերի ու կառուցվածքի, այն լրացնելու տեխնիկական ու բովանդակային կողմերի վերաբերյալ ծավալվեց քննարկում, հնչեցին տարբեր կարծիքներ ու առաջարկություններ։
Օրակարգային վերջին հարցի շրջանակում էլ ԵՊՀ ՈւԽ նախագահ Խաչիկ Աբաջյանը նշեց, որ ՀՀ Կառավարության 2023 թ․ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ սահմանվել է ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների նոր մեխանիզմ, որը, ըստ նրա, առաջ է բերում մի շարք խնդիրներ. առաջին կուրսում ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողները զրկվում են պետական կրթաթոշակից՝ բացառությամբ կառավարության կողմից սահմանված ծրագրերով սովորող ուսանողների, որոնց թիվը զգալիորեն քիչ է։
Նրա խոսքով, ԵՊՀ ուսանողները ևս զրկված են այդ ծրագրի շահառուն լինելու իրավունքից։ Նա առաջարկեց ընդունել հայտարարություն՝ առաջարկելով վերանայել ու փոփոխել որոշումը։ Հարցի առնչությամբ ԳԽ-ն որոշեց ստեղծել հանձնաժողով, որը կկազմի հայտարարության նախագիծը և կներկայացնի հաստատման։