- Գլխավոր
- Նորություններ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսորը հյուրընկալվեց ԵՊՀ-ում
Նոյեմբեր 15, 2023 | 12:34
Գիտություն
Կրթություն
Քաղաքականություն
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսորը հյուրընկալվեց ԵՊՀ-ում
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ասպիրանտ Էդուարդո Գարսիա Կանչելան «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում հետազոտություն է կատարում ԵՊՀ-ում: Նրա գիտական աշխատանքի ղեկավար, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան ասպիրանտի հետազոտության ընթացքին ծանոթանալու նպատակով ԵՊՀ կատարած այցի շրջանակում հանդես եկավ դասախոսությամբ։
«ԵՄ ընդլայնման քաղաքականությունը և Հայաստանի հնարավորությունները» խորագրով դասախոսության նպատակը տարածաշրջանի երկրների վրա ազդեցություն ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները ներկայացնելն էր։
Թեմայի շրջանակում պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան մասնակիցներին ներկայացրեց ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են նպաստել ԵՄ-Հայաստան հարաբերությունների մերձեցմանը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Տիգրան Եփրեմյանը, ընդգծելով դասախոսության թեմայի արդիականությունը, նշեց, որ նմանօրինակ դասախոսությունների շնորհիվ ուսանողներն ու դասախոսները հնարավորություն են ունենում աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին առավել լայն պատկերացում կազմելու։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Գոռ Պետրոսյանը, շեշտելով Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսորի հետ գիտակրթական կապերի ամրապնդման կարևորությունը, նշեց. «Միջազգային հարաբերությունների բնագավառն ուսումնասիրող ուսանողները պետք է հնարավորինս քաջատեղյակ լինեն նաև օտարերկրյա տարբեր միջազգայնագետների այն բոլոր թեզերին, որոնք կարող են որևէ կերպ առնչություն ունենալ մեր տարածաշրջանի հետ»։
Նա հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագայի հետ՝ համատեղ իրագործելով երկարաժամկետ այլ նախագծեր ևս։
Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան, անդրադառնալով դասախոսության թեմայի ընտրությանը, ասաց, որ ներկայում Հայաստանը հնարավորություն ունի ամրապնդելու կապերը Եվրոպայի հետ։
Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, մագիստրոսներ և բակալավրիատի բարձր կուրսերի ուսանողներ։
Նշենք, որ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ասպիրանտ Էդուարդո Գարսիա Կանչելայի հետազոտությունը վերաբերում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ուսումնասիրությանը: