- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հունիս 22, 2021 | 19:01
Հասարակություն
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ֆակուլտետի ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, Համազգային հայ բարեգործական կրթական միության նախագահ Ռուզան Առաքելյանը և այլ հյուրեր։
Ներկաներին ողջունեց ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը. «Այս հարկն արդեն երկար տարիներ կազմակերպում է համանման միջոցառումներ, որոնց միջոցով ներկայացնում է հայ մեծ գրողներին, որոնք հայրենիքի ներսում ու դրսում ստեղծել են, արարել, պայքարել ու թողել մեծ ժառանգություն»։
Անդրադառնալով սփյուռքահայ գրողի գրական ժառանգությանը՝ պրն. Ավագյանն ասաց. «Ծնվել է գիրք, ասել է թե՝ ծնվել է մարդ, արվեստ, գաղափար, և մենք հավաքվել ենք այդ ծնունդը շնորհավորելու։ Այն ծնվել է մի մարդու կողմից, որն անցել է վիթխարի ճանապարհ։ Տա Աստված, որ պրն. Բրուտյանը շարունակի իր ահռելի ճանապարհը»։
Համազգային հայ բարեգործական կրթական միության նախագահ Ռուզան Առաքելյանն իր խոսքը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի նշան պատերազմում զոհված մեր տղաների։ Տիկին Առաքելյանն անդրադարձավ Վաչե Բրուտյանի՝ մտավորականի, գրողի, լրագրողի կերպարին՝ նշելով, որ նա գրում է այնպես, ինչպես ապրում է. «Շատ-շատերը գրում են տպավորություն թողնելու համար, բայց իրենց ապրած կյանքով ցույց են տալիս ճիշտ հակառակը։ Վաչե Բրուտյանն այն հազվագյուտ մտավորականներից է, որի յուրաքանչյուր խոսքն իր ապրած կյանքի նման է»։
Ռ. Առաքելյանը նշեց, որ շատ երջանիկ է, որ գիրքը տպագրվել է Հայաստանում. «Մեր հայրենակիցները պետք է ճանաչեն Վաչե Բրուտյան մտավորականին, հայ մարդուն, գրողին։ Իսկ մենք պետք է ապրենք այնպես, որ մեր զոհված հերոսների երազանքներն ապրեցնենք»։
Մտավորականի ստեղծագործական ճանապարհին անդրադարձան նաև «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր Արտաշես Շահբազյանը, թուրքագետ Լուսինե Սահակյանը, Սիրիայում «Գանձասար» թերթի խմբագիր Մարի Մերթխանյանը։
Անգին Խաչատրյան