- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՌՈԶ Է, ԱՅՆ ՆՄԱՆ Է ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ՄԱՐԴՈՒ». ՌՈՒԲԵՆ ԵՍԱՅԱՆ
Հունիս 01, 2018 | 15:13
Հասարակություն
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՌՈԶ Է, ԱՅՆ ՆՄԱՆ Է ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ՄԱՐԴՈՒ». ՌՈՒԲԵՆ ԵՍԱՅԱՆ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 2-րդ կուրսի ուսանող Ռուբեն Եսայանը «Յութուբ»-ում ունի իր հաղորդումն ու ալիքը: Ալիքն ունի մոտ 30.000 հետևորդ և 6 միլիոն հանրագումարային դիտումներ: Մեզ հետ զրույցում Ռուբենը պատմեց յութուբյան տիրույթի գաղտնիքների, հայկական «Յութուբ»-ի առանձնահատկությունների և յութուբյան ալիք ունենալու առաջին երեք քայլերի մասին
Յութուբյան իր ալիքի մասին
Յութուբյան իմ ալիքը որոշեցի բացել 2010 թվականին: Այդ ժամանակ ես 14 տարեկան էի, իսկ «Յութուբ»-ի մասին շատ քիչ բան գիտեի:
Երկու տարի հետո՝ գործնական աշխատանքի շրջանակում, մի տեսանյութ պատրաստեցի Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» մասին, թեթև մոնտաժեցի և տեղադրեցի «Յութուբ»-ում: Այն պետք է դիտեինք դասի ընթացքում, իսկ 20 օրում տեսանյութն ունեցավ մոտ 200.000 դիտում:
Այդ ժամանակ հասկացա, որ կարելի է ունենալ յութուբյան ալիք, որոշեցի անուն ընտրել և հետաքրքիր տեսանյութերի շարք սկսել:
Հաղորդումը կոչվեց «Բացահայտում», իսկ այս պահին դիտումների հանրագումարը 6 միլիոն է:
Սովորաբար մարդիկ, ովքեր պարզապես տեսանյութեր են նայում, իրենք չեն պատկերացնում այդ ալիքի ներսի մեխանիզմերի կառուցվածքը:
Իրականում վերջերս ինքս էլ եմ պարզել, որ գոյություն ունեն հատուկ մոտեցումներ, որոնք հնարավորություններ են տալիս յութուբյան ալիքների ցանկում քո ալիքն առաջ բերելու կամ, օրինակ, «Յութուբ»-ի միջոցով գումար վաստակելու համար:
Մինչդեռ ինձ թվում է, թե ես «Յութուբ»-ին տիրապետում եմ գոնե ութսուն տոկոսով, բայց այն ուսումնասիրությունների անսպառ տիրույթ է:
«Բացահայտում» հաղորդման մասին
Ես շատ ուրախ եմ, քանի որ «Բացահայտումը» իր մեջ ներառում է մոտ 30 հաղորդում, և այն շատ բան է տվել ինչպես ինձ, այնպես էլ մարդկանց: Ինձ հատկապես գրում են աշակերտները և պատմում, որ իմ նյութերն օգտագործում են համապատասխան թեմայի մասին խոսելիս կամ այն քննարկելիս:
Բայց պետք է նաև խոստովանեմ, որ այդ թեմաները չեն կարող անսպառ լինել: Ամեն լավ բան իր ավարտն ունի: «Բացահայտում» հաղորդումն արդեն ավարտվում է, որովհետև որոշել եմ միստիկան հաղորդումը փոխարինել հումորային կարճ տեսանյութերով: Բացի դրանից՝ «Յութուբ»-ում ավելի հայտնի ու սիրված է հենց հումորային ժանրը, որը պահանջում է քիչ քանակությամբ ներուժ, բայց նաև ունենում է շատ դիտումներ ու բաժանաորդագրություններ: Հիմա անում եմ սկեչներ, բայց «Բացահայտումը» առայժմ կշարունակվի:
Հայկական «Յութուբ»-ի մասին
Հայկական «Յութուբ»-ում հեշտ ստեղծվող տեսանյութերը շատ են: Մարդիկ անում են այն, ինչը հեշտ է: Սա բովանդակային իմաստով, իհարկե, սխալ է, բայց «Յութուբ»-ի համար ճիշտ մարտավարություն է:
Մեկ հաղորդում պատրաստելու համար ես կարող եմ մեկ ամիս տանջվել, փորձում եմ գտնել նկարահանման համար համապատասխան վայր, մշակում եմ ձեռքիս տակ եղած նյութերը, երկար և մանրամասն մոնտաժում եմ դրանք, իսկ մեկ ուրիշն ընդամենը մեկ օրում նկարում է հումորային նյութ, որն անմիջապես հայտնվում է «Յութուբ»-ում, և մենք ունենում ենք անհավասար աշխատանքի դիմաց հավասար դիտումներ ու տարածում:
Անիմաստ է դառնում այդքան միջոցների ներդնումը, երբ սիրողական մակարդակի նկարված տեսանյութը կարող է իր հայտնիությամբ և դիտողականությամբ գերազանցել քո տեսանյութին:
«Յութուբ»-ում նմանատիպ ալիքները, որոնք բովանդակությամբ և օգտագործված տեխնիկայով պարզ են, բայց ունեն շատ քանակությամբ դիտումներ, բազմաթիվ են:
Հայկական «Յութուբ»-ում շատ բան է պակաս. չկան պրոֆեսիոնալ հաղորդումներ կամ լավ վերլուծական ալիքներ, բայց պետք է փաստել, որ հայկական «Յութուբ»-ի զարգացումն ընթացքի մեջ է: Միայն վերջին ամսում այնտեղ հինգ ալիք է ավելացել: Իհարկե, նկատի ունեմ լուրջ բովանդակությամբ ալիքներ:
Հեղափոխությունն ու «Յութուբ»-ը
Հեղափոխության ժամանակ «Յութուբ»-ը գլխավոր ու ամենամեծ հարթակն էր: Միգուցե, եթե «Յութուբ»-ն ու «Ֆեյսբուք»-ը չլինեին, հեղափոխությունը չէր լինի կամ կլիներ, բայց ոչ խաղաղ ելքով:
Ի վերջո, հենց սոցցանցերի միջոցով հնարավոր եղավ ապահովել այն ցանացայնությունը, որը մարդկանց թույլ էր տալիս միմյանց հետ կապ հաստատել, գործողությունների պլան մշակել ու արագ ապակենտրոնանալ:
Բացի դրանից՝ ուղիղ եթերով այդ ամենին հետևում էր նաև միջազգային հանրությունը: Թվում էր՝ հեղափոխություն էր սոցցանցային ափի մեջ, որը բաց էր բոլոր կողմերով: Ցանկացած պահի հնարավոր էր տեսնել, թե ինչ է կատարվում երկրում:
Հեռուստատեսությունն այս պայքարը տանուլ տվեց: Տեղեկատվության մեջ մարդիկ կողմնապահության և ոչ լիարժեք ինֆորմացիայի հաղորդման միտումներ էին տեսնում, և հեռուստատեսությունը շատ արագ կորցրեց վստահությունը:
Նույնիսկ ավագ սերնդի ներկայացուցիչները խնդրում էին իրենց երեխաներին ֆեյսբուքյան էջեր բացել, որպեսզի իրենք էլ կարողանան ինտերակտիվ հետևել իրադարձությունների զարգացմանը:
Բլոգինգի մասին
Եթե, օրինակ, համեմատում ենք Հայաստանի և Ռուսաստանի բլոգային դաշտը, ապա հստակ երևում է, որ նախ Ռուսաստանում բլոգինգով զբաղվում են այսպես կոչված «էլիտար» մարդիկ, որոնք ունեն լավ կրթություն և առաջարկում են հետաքրքրիր ու տարբերվող բովանդակությամբ նյութեր:
Շատ բլոգերներ պարզապես հրաժարվում են աշխատել հեռուստատեսությունում, քանի որ հեռուստատեսությունը սահմաններ է ենթադրում, ինչն էլ դուր չի գալիս «ինտերնետի» մարդկանց:
«Յութուբ»-ը վերջին տարիներին դարձել է այնքան մրցունակ, որ նույնիսկ գովազդներ կան, որոնց պատվիրատուները սկզբից դիմում են «Յութուբ»-ին, իսկ հետո նոր միայն հեռուստատեսությունը: Վիճակագրությունը նույնպես խոսուն է: Անցած տարի համացանցում ավելի շատ գովազդ է տեղադրվել, քան հեռուստատեսությունում:
«Յութուբ» vs հեռուստատեսություն
«Յութուբ»-ը խոսքը լսելի դարձնելու ամենաուղիղ միջոցն է: Ստացվում է, որ ֆորսմաժորային իրավիճակներում մարդիկ օգնության են դիմում «Յութուբ»-ին և ոչ թե հեռուստատեսությանը:
«Յութուբ»-ը մարդկանց համար ընկեր է դառնում: Մարդիկ գիտեն, որ այն անկեղծ է և ազդեցություններից զերծ:
Իսկ հեռուստատեսությունում հակառակ սկզբունք է գործում: Մարդիկ այնտեղ անմիջական մուտք չունեն: Կարծես թե հեռուստացույցը ոչ թե թելադրողի, այլ թելադրվողի կարգավիճակում է:
«Յութուբ»-ը Հայաստանում սկսել է զարգանալ 2015-2016 թվականներից: Քանի որ մենք գործ ունեինք նոր տեխնոլոգիաների հետ, դրանով հիմնականում սկսեցին զբաղվել թինեյջերներն ու երիտասարդները: Բացի դրանից՝ «Յութուբ»-ի բովանդակությունն ավելի զվարճալի ու ժամանցային էր, դրա համար մեծահասականերն այդքան էլ դրան լուրջ չէին վերաբերվում:
Երբ այսօրվա թինեյջերը վաղվա մեծահասակը դառնա, նա կգումարվի նոր սերնդին, և արդյունքում «Յութուբ»-ը կդառնա ապագայի մեծ հարթակ:
Հեռուստատեսության ներկայացուցիչները «Յութուբ»-ին լուրջ չեն ընդունում, քանի որ գտնում են, որ անհնար է փոքր միջոցներով և ոչ պրոֆեսիոնալ թիմով որակյալ արդյունք ստանալ: Բայց խոսքն այստեղ պրոֆեսիոնալիզմի մասին չէ: Իրականում հետազոտությունները ցույց են տվել, որ «Յութուբ» նայող մարդկանց 90 տոկոսը մտածում են, որ բլոգերն իր ընկերն է: Սա անմիջական, ոչ պրոֆեսիոնալ շփման դրական արդյունքն է:
«Յութուբ»-ում հասանելիությունը շատ մեծ է. կա ուղիղ կապ, կարող ես թողնել մեկնաբանություններ և ստանալ դրանց պատասխանները: Իսկ հեռուստատեսությունը գոռոզ է, այն նման է աստղային հիվանդությամբ տառապող մարդու, որն անգամ հետադարձ կապի գործընթացը դժվարությամբ է ապահովում:
Պետք է գիտակցել, որ ընդամենը մի քանի տարի հետո հասարակության մեջ կարծիք ձևավորելու հարցում «Յութուբ»-ի դերը արդեն թերագնահատել հնարավոր չի լինի:
Ինչից սկսել «Յութուբ»-ում
Նախ պետք հասկանալ, թե քո ալիքի միջոցով ինչ ես ուզում ասել մյուսներին, որոնք են քո նպատակները՝ հայտնի դառնալ, սիրված լինել, գումար վաստակել, քո խոսքը տեղ հասցնել, և ըստ դրանց որոշել ալիքի բովանդակությունն ու թիրախը, իսկ տեխնիկական պահանջներից ամենակարևորը մոնտաժն է:
Իսկ իրականում հենց նույն «Յութուբ»-ի միջոցով էլ կարելի է մոնտաժի մասին մի քանի դասընթացներ նայել ու սովորել:
Հետո չպետք վախենալ «Յութուբ»-ում արդեն առկա հայտնի ալիքներից՝ մտածելով, որ դու այնտեղ այլևս անելիք չունես, որովհետև մարդիկ միշտ էլ նոր խոսքի և մոտեցումների կարիք ունեն և չի բացառվում, որ հաջորդը հենց դու ես, ով հայտնվելու է մարդկանց ուշադրության կենտրոնում: Պետք չէ վախենալ: