- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ապրիլ 22, 2021 | 16:49
ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի առցանց նիստը, որում ներառված էին 6 հիմնական և մի շարք ընթացիկ հարցեր:
Առաջին օրակարգային հարցը վերաբերում էր պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհմանը: Մասնավորապես՝ մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը քվեարկության դրեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբ. գիտ. դոկտոր Կարեն Թռչունյանին և Պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. դոկտոր Հակոբ Հարությունյանին պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու, ինչպես նաև տարբեր ֆակուլտետներ ներկայացնող գիտության 7 թեկնածուներին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցերը:
Օրակարգային 2-րդ հարցի շրջանակում ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմանը ներկայացվեց ֆակուլտետների գիտխորհուրդներում ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրված ԵՊՀ աշխատակիցների ցուցակը, որում ընդգրկված էր 13 համալսարանական:
Այնուհետև ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց 2021-2022 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգերը: Պրոռեկտորը նշեց, որ ընդունելության համար դիմորդների փաստաթղթերը երկու փուլերի ընթացքում էլ ընդունվելու են առցանց եղանակով. «Նախորդ տարի փորձարկել ենք փաստաթղթերի առցանց ընդունելու հնարավորությունը, որը բավականին հաջող է ընթացել»:
Տիկին Ասրիյանը հավելեց, որ առաջին փուլում փաստաթղթերն ընդունվելու են հունիսի 1-ից հուլիսի 1-ը, իսկ քննությունները կկազմակերպվեն հուլիսի 5-ին և 6-ին: Երկրորդ փուլում դիմորդները փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն կունենան հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում, իսկ քննությունները կանցկացվեն ընթացիկ տարվա օգոստոսի 26-ին և 27-ին:
ԳԽ ՈԱ մշտական հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանն էլ ներկայացրեց մագիստրոսական 8 նոր կրթական ծրագրերը, որոնք առաջարկել են Միջազգային հարաբերությունների (3), Փիլիսոփայության և հոգեբանության (2), Ռադիոֆիզիկայի ֆակուլտետներն ու Ֆարմացիայի ինստիտուտը:
«Մագիստրոսական նոր ծրագրերը քննարկվել են համապատասխան աշխատանքային խմբերի կողմից և արժանացել Որակի ապահովման մասնագետների դրական գնահատականների»,- ասաց Էմիլ Գևորգյանը:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը գործընկերների ուշադրությունը հրավիրեց ԵՊՀ ռազմավարական ծրագրի կազմման աշխատանքների վրա. «Արդեն մի քանի ամիս է, ինչ համալսարանում ընթանում են ռազմավարական ծրագրի կազմման գործընթացներ, որոնք համավարակի պատճառով մի քիչ դանդաղել են: Սակայն ռազմավարական պլանն արդեն խմբագրման փուլում է, որին կհետևի քննարկման և առաջարկություններով հանդես գալու փուլը: Վերջում գլխադասային հանձնաժողովը կքննարկի հարցը: Հուսամ՝ ԵՊՀ գիտխորհրդի հաջորդ հավաքին կկարողանամ ձեզ ներկայացնել ռազմավարական մեր ծրագիրը»:
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում պիլոտային ծրագրի մեկնարկի մասին հաղորդեց ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը: Պիլոտային ծրագրի հիմնական նպատակն է մասնագիտական որոշ դասընթացներում ներմուծել ինքնուրույն աշխատանք, որը հատ առ հատ ստուգվելու է դասախոսի կողմից, իսկ ուսանողը դրա համար կստանա առավելագույնը 3 կրեդիտ:
«Կիսամյակի ընթացքում ուսանողին կհանձնարարվի 8 ինքնուրույն աշխատանք, որը դասախոսին կներկայացվի տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով: Ուսանողը մինչև եզրափակիչ քննության ներկայանալը հնարավորություն կունենա վաստակելու առավելագույնը 3 կրեդիտը: Այսինքն, եթե կիսամյակի ընթացքում ուսանողը չկատարի տնային առաջադրանքը, քննությանը չի կարողանա հավաքել 10 կրեդիտ»,- պարզաբանեց Արթուր Սահակյանը:
Օրակարգային բոլոր հարցերն էլ ԵՊՀ գիտխորհրդի անդամների մեծամասնության կողմից արժանացան դրական գնահատականի և հաստատվեցին:
Ընթացիկ հարցերի շրջանակում Գիտխորհրդի անդամները հաստատեցին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում Խորեն Պալյանի անվան կրթաթոշակ սահմանելու, Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Հենրիկ Շահղուլյանին «ԵՊՀ պատվավոր դոկտոր» և Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. թեկնածու Սամվել Մուրադյանին «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» կոչումներ շնորհելու մասին հարցերը:
Կողմ քվեարկվեց նաև Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնների միավորումը:
Գիտխորհրդի անդամները դրական գնահատականի արժանացրին նաև «Գրական արաբերենի դասընթաց. զբոսաշրջության ոլորտ» (հեղ.՝ Սոնա Տոնիկյան, Սյուզաննա Գյոզալյան), «Արաբական գրականության պատմություն (19-20-րդ դարի առաջին կես)» և «Մերձավոր Արևելքի երկրների բարբառներ» (հեղ.՝ Սեդրակ Յովսեփեան) աշխատանքները հրատարակության երաշխավորելու և որպես բուհական դասագիրք ճանաչելու հարցում ԿԳՄՍՆ-ին միջնորդելու մասին առաջարկները:
Վարդուհի Զաքարյան