- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ 2021-22 ՈՒՍՏԱՐՎԱ ԵՊՀ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Մարտ 11, 2021 | 16:33
Հասարակություն
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ 2021-22 ՈՒՍՏԱՐՎԱ ԵՊՀ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 6 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը:
Օրակարգային առաջին հարցով ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը, ըստ որի՝ նախատեսվում է անցկացնել 4 նիստ, որոնցում ներառված է 16 հարց:
Գիտխորհրդի կողմից ժամանակացույցը հաստատելուց հետո մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ներկայացրեց պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ հանձնաժողովը ստացել և քննել է պրոֆեսորի 1 և դոցենտի 8 հայցեր:
Պ. Վարդևանյանը փաստեց, որ ստացված հայտերի ոչ բոլոր փաստաթղթերն են համապատասխանել պահանջվող չափորոշիչներին, ըստ այդմ՝ հանձնաժողովի կողմից երաշխավորվել և գիտխորհրդի հաստատմանն են ներկայացվում պրոֆեսորի 1 և դոցենտի 6 հայցեր:
Գիտխորհրդի անդամներն առցանց եղանակով, փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեցին մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու հայցերը:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց 2021-2022 ուստարվա ԵՊՀ ուսման վարձավճարների չափերը: Նա նշեց, որ, ըստ էության, փոփոխություններ չկան, ավելացել է միայն Սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի կրթական նոր ծրագիր, որի վարձավճարի չափը սահմանվել է նույն ծրագրի մագիստրատուրայի վարձավճարի չափով: Գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատեց վարձավճարների չափը:
Այնուհետև Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ներկայացրեց 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ըստ որի՝ առկա է 54 անվանական կրթաթոշակ, 58 թեկնածու: Նա տեղեկացրեց նաև, որ ներկայացվել է ևս մեկ անվանական կրթաթոշակ՝ «Նազելի Չարչյանի» անվան, որը նախատեսվում է հատկացնել Քիմիայի ֆակուլտետին: Ներկայացված նախագիծը հավանության արժանացավ գիտխորհրդի կողմից:
Պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ներկայացրեց ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման հայտերի երաշխավորության հարցը: Նա տեղեկացրեց, որ խոշորացվել և օպտիմալացվել են ենթակառուցվածքների բազային ֆինանսավորման ծրագրերի հայտերը:
Պարոն Բարխուդարյանը փաստեց նաև, որ ֆինանսավորման տեսանկյունից՝ առնվազն նախորդ տարվա ֆինանսավորման չափը պահպանվելու է:
Անցնելով օրակարգային վերջին հարցին՝ Հետբուհական լրացուցիչ վարչության պետ Ժասմեն Աղասյանը հաղորդեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքը: Նա մանրամասն ներկայացրեց ծրագրի արդյունքները՝ ըստ մոդուլների, ըստ ծրագրի կառուցամասերի, մասնակցության վիճակագրությունը, ինչպես նաև դասախոսների կրեդիտները՝ ըստ ֆակուլտետների:
Նա հիշեցրեց, որ տվյալ ուսումնական տարում կազմակերպվող դասընթացների ժամանակացույցները և դասախոսների կուտակած կրեդիտների վերաբերյալ ընդհանուր հաշվետվությունները տեղադրվում են ԵՊՀ կայքում:
ժասմեն Աղասյանը խոսեց նաև ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների ու խնդիրների մասին: ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն էլ ասաց, որ այժմ մշակման փուլում է գտնվում վերապատրասման նոր ծրագիր, որը նախագծելու համար իրականացվում է հետազոտություն:
Ըստ նրա՝ հետազոտության արդյունքում ի հայտ կգան մինչ այժմ իրականացված ծրագրերի հիմնական թերությունները, բացթողումները, ինչպես նաև առավելություններն ու դրական կողմերը, որոնց վերլուծության արդյունքում էլ կստեղծվի առավել արդյունավետ ծրագիր:
Օրակարգային հարցերի սպառումից հետո Լևոն Հովսեփյանն ընթացիկ հարցերի շրջանակում ներկայացրեց գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական հրապարակումների հիմնական չափանիշներ սահմանելու մասին հարցը: Նրա խոսքով, տարբեր գործընթացների՝ մասնավորապես գիտական կոչումների շնորհման, տարբեր պաշտոններ զբաղեցնելու համար պահանջվում է թեկնածուների գիտական, ուսումնամեթոդական հրապարակումների աշխատանքներ, որոնց սահմանումը և չափորոշիչները հստակ չկան:
Նրա խոսքով, խնդիրը լուծելու համար ձևավորվել է աշխատանքային խումբ, որը սահմանել է հիմնական չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան ուղղորդելու պրոֆեսորադասախոսական կազմին: Նա ասաց, որ մշակված նախագիծը կուղարկվի գիտխորհրդի անդամներին և կներկայացվի հաստատման:
Օրակարգային հաջորդ հարցին անցնելով՝ ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարություն. մաս 1» աշխատանքը (հեղ.` ի.գ.դ., պրոֆեսոր Վ. Հովհաննիսյան, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հ. Բեդևյան, ի.գ.թ., ասիստենտ Ա. Ղարսլյան, ի.գ.թ., ասիստենտ Տ. Խաչիկյան) հրատարակության երաշխավորելու և որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում ՀՀ ԿԳՄՍՆ-ին միջնորդելու հարցը։
Նիստի ավարտին Ռաֆայել Բարխուդարյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթը, որին մասնակցել ցանկացողները մինչև մարտի 31-ը կարող են հայտ ներկայացնել: Նա նաև տեղեկացրեց, որ արդեն տեսաձայնագրվել է անցած տարի մրցույթում հաղթող ճանաչված դասախոսներից յուրաքանչյուրի կողմից առաջարկված մեկ լսարանային դասընթացի ամբողջական շարք, որոնք հասանելի են ԵՊՀ կայքում:
Պարոն Բարխուդարյանը խոսեց նաև կորոնավիրուսի տարածման մասին՝ փաստելով, որ պետք է խստացնել հակահամաճարակային կանոնների պահպանումը:
Քնար Միսակյան