- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Նոյեմբեր 19, 2020 | 17:26
Հասարակություն
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Առցանց հարթակում օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:
Նիստի սկզբում՝ նախքան օրակարգի հաստատմանն անցնելը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջարկեցին օրակարգում ներառել նաև երկրում ստեղծված իրավիճակի քննարկումը, ինչին ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ասաց, որ դրան անպայման անդրադարձ կլինի, և առաջարկեց քննարկումն իրականացնել օրակարգային հարցերի սպառումից հետո:
Անցնելով օրակարգային առաջին հարցին՝ ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարանի ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգ»-ում լրացում կատարելու նախագիծը։ Նրա հավաստմամբ, առցանց պրակտիկայի անցկացումն արդյունավետության տեսանկյունից իհարկե զիջում է, բայց ստեղծված պայմաններում լուծման տարբերակ է:
Առաջարկվող նախագծով նախատեսվում է կարգը լրացնել նոր՝ «Պրակտիկայի անցկացումը հեռավար (առցանց) եղանակով» բաժնով։ Ըստ նոր բաժնի դրույթների՝ որոշակի հանգամանքների (արտակարգ դրության, ռազմական դրության, համաճարակի և այլն) դեպքում ուսանողների պրակտիկան, ըստ անհրաժեշտության, կարող է կազմակերպվել հեռավար (առցանց) եղանակով:
Ըստ նախագծի՝ ուսումնական պրակտիկան հեռավար (առցանց) անցկացվում է ԵՊՀ դասախոսների կողմից՝ օգտագործելով համապատասխան գործիքակազմ՝ համակարգչային վիրտուալ լաբորատորիաներ, տարբեր թվային հարթակներ, ուսումնական տեսաֆիլմեր, ներկայացումներ և այլն:
Մասնագիտական պրակտիկան հեռավար (առցանց) անցկացվում է կարգով նախատեսված վայրերում, որին մասնակցում են ֆակուլտետի կողմից նշանակված անմիջական ղեկավարը, ինչպես նաև ընդունող կողմի մասնագետները։ Իսկ մանկավարժական պրակտիկան հեռավար (առցանց) անցկացվում է տվյալ պահին հանրակրթական ուսումնական հաստատության կողմից օգտագործվող հարթակ(ներ)ի միջոցով: Գիտխորհուրդն առցանց քվեարկության միջոցով ընդունեց առաջարկվող նախագիծը:
Այնուհետև ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացրեց ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2019 թ. հարցման արդյունքները: Ըստ դրանց՝ 2018 թ. բակալավրիատի շրջանավարտների 63%-ը, իսկ մագիստրատուրայի շրջանավարտների 34.7%-ն է ցանկացել շարունակել ուսումը։ 2019 թ. արդյունքներով արդեն ուսումը շարունակելու ցանկություն են հայտնել բակալավրիատի շրջանավարտների 73.1%-ը և մագիստրատուրայի շրջանավարտների 34.1%-ը։
Հարցման արդյունքները ցույց են տվել նաև ապագա աշխատանքի վերաբերյալ տեղեկացված շրջանավարտների թիվը տոկոսային հարաբերությամբ, ինչպես նաև նրանց բավարարվածությունը լսարանային պայմաններից, համակարգչային սրահներից, համացանցի մատչելիությունից, լաբորատորիաների կահավորանքից, գրադարանից և այլն։
Ըստ հարցման արդյունքների՝ 2019 թ. բակալավրիատի շրջանավարտների 0.4%-ի և մագիստրատուրայի շրջանավարտների 0.5%-ի կարծիքով է կաշառքն ազդել գնահատման գործընթացի վրա, մինչդեռ 2018 թ. այդ կարծիքն ունեցել են բակալավրիատի շրջանավարտների 1.7%-ը և և մագիստրատուրայի շրջանավարտների 1.3%-ը։
ԵՊՀ-ում ստացած կրթության գնահատականը 2019 թ. շրջանավարտների 43%-ի կարծիքով գերազանց է, նույնքան շրջանավարտի կարծիքով՝ լավ։ 11%-ը նշել է բավարար պատասխանը, 1-ական տոկոս էլ հավաքել են անբավարար, դժվարանում եմ պատասխանել տարբերակները։ Հարցաթերթիկների մեկ տոկոսն էլ պատասխան չի պարունակել։
Ռաֆայել Բարխուդարյանը գիտխորհրդի անդամներին հաղորդեց նաև դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2019-2020 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին։ Ըստ այդ արդյունքների՝ հարցմանը մասնակցել է 5669 ուսանող։
Հարցին, թե արդյոք անցած քննաշրջանի ընթացքում դրամի դիմաց ստացել են գնահատական (ստուգարք), հարցմանը մասնակցած ուսանողներից 35-ն են դրական պատասխան տվել (0.62%)։ Իսկ քննաշրջանի ընթացքում գնահատական (ստուգարք) ստանալու նպատակով մասնավոր պարապմունքների համար հարկադրված վճարել են հարցված ուսանողներից 58-ը (1.02%)։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց 2020-2021 ուստարվա ամբիոնային բեռնվածությունները։ Նրա տեղեկացմամբ, 2020-2021 ուստարում ամբիոնային բեռնվածությունները կազմել են 695.494 ժամ, որից բնագիտական ֆակուլտետներինը՝ 218.589, հումանիտար ֆակուլտետներինը՝ 455.407, իսկ համահամալսարանական ամբիոններինը՝ 21.498 ժամ։
Հրանտ Ժամհարյանը զեկուցեց նաև 2019-2020 ուստարվա արդյունքներով ԵՊՀ ուսանողների փոխատեղման (ռոտացիա) մասին՝ նշելով, որ 2020-21 ուստարվա ուսանողական նպաստների հատկացման արդյունքների համաձայն՝ 284 (20.21%) ուսանող անցել է վճարովի համակարգ, իսկ 1138 (79.79%) ուսանող պահպանել է անվճար համակարգը։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ՈԻԳԸ նախագահ Մերի Փանոսյանը ներկայացրեց կառույցի 2019-2020 ուստարվա գործունեությունը՝ նշելով, որ ուստարվա ընթացքում կազմակերպվել է 328 միջոցառում, այդ թվում՝ 5 գիտաժողով, 12 աշխատաժողով, 183 դասընթաց, սեմինար, կլոր սեղան-քննարկում, 34 բանավեճ, ինտելեկտուալ խաղ, 6 օլիմպիադա, դատախաղ և 56 այլ միջոցառում (գիտաճանաչողական էքսկուրսիա, ընթերցումներ և այլն)։
Նիստի օրակարգային վերջին հարցի շրջանակում գիտխորհուրդը որոշեց ԵՊՀ գիտական խորհրդի ընտրովի անդամների համամասնությունը և կառուցվածքային ստորաբաժանումներին հատկացվող տեղերի չափաբաժինը։ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյանն ասաց, որ գիտական խորհրդի անդամների առնվազն 50 %-ը պետք է լինեն ընտրովի անդամներ. «Առնվազն 22 տեղը պետք է բաժանենք՝ ըստ ստորաբաժանումների: Այս պահին մենք ունենք 21 ստորաբաժանում, որոնք իրականացնում են բակալավրի կրթական ծրագիր»:
Նա առաջարկեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնին այս անգամ ընտրովի տեղ չհատկացնել. «Ըստ այդմ՝ երկու տեղը հատկացնել մեկ հումանիտար և մեկ բնագիտական խոշոր ֆակուլտետի: Ըստ ուսանողների թվի՝ այդ ֆակուլտետներն են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները»:
Հնչեցին տարբեր առաջարկներ՝ կապված չափանիշների հետ, սակայն ի վերջո, գիտխորհուրդն ընդունեց ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի առաջարկը:
Անցնելով ընթացիկ հարցերին՝ գիտխորհուրդը առցանց քվեարկության միջոցով որոշեց «Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական աշխարհագրություն» աշխատանքը (հեղ.՝ դոցենտ Ակսել Պոտոսյան) հրատարակության երաշխավորել և որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում միջնորդել ՀՀ ԿԳՄՍՆ-ին։
Օրակարգային հարցերի սպառումից հետո ԵՊՀ գիտխորհուրդը քննարկեց երկրում ստեղծված իրավիճակը:
Քնար Միսակյան