- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլ 23, 2021 | 17:35
Հասարակություն
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր առցանց նիստի ընթացքում քննարկել է Հոգաբարձուների խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդունել հայտարարության նախագիծ, որով դատապարտում է իշխանությունների ու նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը, այն համարում անընդունելի և պահանջում լիազոր մարմնից դադարեցնել ապակառուցողական գործունեությունը:
ԵՊՀ գիտխորհրդի անդամների 1/3-ի դիմումի համաձայն հրավիրված գիտխորհրդի արտահերթ նիստի ժամանակ քննարկվել է Հոգաբարձուների խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախապես ձևավորված հանձնաժողովը, որի կազմում էին ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, Գիտխորհրդի անդամների հաստատմանն էր ներկայացրել հայտարարության նախագիծ:
Նախքան օրակարգային հարցին անցնելը ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Բացի դրանից՝ նա ասաց նաև, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Հոգաբարձուների խորհրդի անդամ Անահիտ Չուբարյանը:
Անցնելով օրակարգային հարցին՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ Հոգաբարձուների խորհուրդն արդեն մեկ տարի է, ինչ նորմալ չէ աշխատում. «Ես չեմ էլ ուզում շեշտել, թե որ փուլում ում պատճառով է այդպես ստացվել, բայց անգործության պատասխանատուն լիազոր մարմինն է»: Նա առաջարկեց նոր քննարկում չսկսել, քվեարկել և դրանով կարծիք հայտնել նախապես ներկայացված տեքստի վերաբերյալ, քանի որ, ըստ էության, ասելիքը նույնն է:
Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ հանձնաժողովը կոնսեսուսով կազմել է տեքստը՝ փոխհամաձայնեցնելով տեսակետները, սակայն դրանից հետո իրավիճակ է փոխվել. երեկ ռեկտորին գրություն է ուղարկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը չստորագրել՝ դիմելով ՍԴ, և պայմանավորված այդ հանգամանքներով, ըստ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի, անհրաժեշտ է խմբագրել և որոշ հավելումներ իրականացնել:
Տեղեկացնենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր գրության մեջ հայտնել էր, որ ԵՊՀ կայքում հրապարակված՝ Հոգաբարձուների խորհրդի ընդունած փաստաթղթերի (Հոգաբարձուների խորհրդի աշխատակարգ, 2021 թվականի հունվարի 29-ի NN 5, 6 որոշումներ) ուսումնասիրության և դրանք Հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի հունվարի 29-ի նիստի արձանագրության, նույն նիստի տեսագրության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ Հոգաբարձուների խորհրդի անդամներին տրամադրված որոշումների նախագծերի համադրության արդյունքում հայտնաբերվել է, որ ԵՊՀ կայքում զետեղված որոշումներն էականորեն տարբերվում են նիստի ընթացքում օրակարգային հարցերի շուրջ քննարկված ու քվեարկված տարբերակներից՝ վերջիններիս բովանդակության ակնհայտ խեղաթյուրմամբ:
Ի պատասխան՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը ներկայացրել էր պարզաբանում:
Նիստի ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, համաձայնվելով Ռուբեն Մելքոնյանի տեսակետի հետ, փաստեց, որ եթե նիստն ավելի վաղ գումարվեր, այլևս խնդիր չէր լինի նախօրոք մշակված հայտարարության վերաբերյալ նոր քննարկում ծավալելու: Նա առաջարկեց, ըստ ստացված գրությունների, նոր պարբերություն ավելացնել և քվեարկել հայտարարության տարբերակները:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի վստահեցմամբ էլ, լիազոր մարմնի ղեկավարն իր գրության վերաբերյալ խնդրել է տեղյակ պահել Գիտխորհրդի անդամներին, հետևաբար չարձագանքել չի լինի: Գեղամ Գևորգյանն ասաց, որ գրության վերաբերյալ ԵՊՀ գիտխորհրդի անդամները տեղեկացվել են, բայց արձագանքելը պարտադիր չի. «Արհամարհելը նույնպես արձագանք է»:
Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ասաց, որ արձագանքելը պետք է, քանի որ ներկայացված պատկերն իրական չէ: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի խոսքով, իրավիճակը պայմանավորված է լիազոր մարմնի ուղղորդմամբ:
Գագիկ Ղազինյանը ներկայացրեց հայտարարության տեքստի նոր տարբերակ, որը ԵՊՀ գիտխորհրդի անդամներին հասանելի դարձնելուց հետո ներկայացվեց նրանց հաստատմանը: Գիտխորհրդի անդամները նախ քվեարկեցին հայտարարության նախագծի նախնական տարբերակը, որը 26 կողմ, 33 դեմ և 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց:
Խմբագրական նոր առաջարկություններից հետո գիտխորհրդի հաստատմանը ներկայացված հայտարարության տեքստի նոր տարբերակն ընդունվեց 46 կողմ, 9 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Գիտխորհրդի հայտարարությունը՝ այստեղ:
Քնար Միսակյան