- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՐԵԿ ՄԻ ՄԱՐԴ ԷԻ, ԱՐԹՆԱՑԱ՝ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴ». «ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Ապրիլ 01, 2021 | 18:41
Հասարակություն
«ԵՐԵԿ ՄԻ ՄԱՐԴ ԷԻ, ԱՐԹՆԱՑԱ՝ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴ». «ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Սիրո խոստովանություն Խորեն Աբրահամյանին» խորագրով միջոցառում՝ նվիրված ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան 91-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը, Խորեն Աբրահամյանի թոռը՝ դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանը, ընտանիքի անդամները, հյուրեր, ուսանողներ:
Միջոցառումը վարեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և Հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:
Նրանք անդրադարձան խորհրդային թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասաններից մեկի՝ Խորեն Աբրահամյանի կյանքին, ստեղծագործական բազմազան ուղուն, հանրաճանաչ ներկայացումներին ու դերերին, ինչպես նաև այն բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, որոնց իր ստեղծագործական կյանքի ընթացքում բախվել է դերասանը:
««Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միության մեջ։ Էդ ֆիլմի հաջողությունը աննախադեպ էր»,- մեջբերեց Կ. Դավթյանը դերասանի խոսքերը և նշեց,- այսպես է հետագայում հիշելու իր աննախադեպ հաջողությունը կինոյում Խորեն Աբրահամյանը»։
Խոսքը 1958 թվականին Յուրի Երզնկյանի նկարահանած «Առաջին սիրո երգը» կինոնկարի մասին էր։
Հենց այս կինոնկարի ցուցադրմամբ էլ մեկնարկեց տաղանդավոր ու հանրաճանաչ դերասանին նվիրված «Սիրո խոստովանություն» խորագիրը կրող միջոցառումը:
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բազմաթիվ կոչումների և պարգևների արժանացած Խորեն Աբրահամյանը սովորել է Երևանի թատերական ինստիտուտում: Ավարտելով ուսումը՝ նա աշխատանքի է անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ 1979 թ. ընտրվել է գլխավոր ռեժիսոր, իսկ 1988 թ.՝ գեղարվեստական ղեկավար։
Ժողովրդական արտիստի մարմնավորած Կորիոլան հիացրել է անգամ օտարազգիներին:
Թատրոնում խաղացած բազմաթիվ դերերը սիրված էին հանդիսատեսի կողմից, այնուամենայնիվ հայ հանդիսատեսի համար Խորեն Աբրահամյանն առավել հարազատ էր կինոյում խաղացած իր դերերով՝ «Մոր սիրտը», «Առաջին սիրո երգը», «Սարոյան եղբայրներ», «Մենք ենք, մեր սարերը», «Երկունք», Ալեքսանդր Մյասնիկյան, «Երևանյան օրերի խրոնիկա» և այլն։
Խորեն Աբրահամյանի մնայուն կերպարին, նրա վառ անհատականությանն ու անըստգյուտ տաղանդին անդրադարձավ նաև ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը:
Վերջինս Խորեն Աբրահամյանին իր երախտիքի խոսքը հայտնեց՝ դերասանին անվանելով 20-րդ դարի երկրորդ կեսի հայ դերասանական արվեստի թագավոր:
Նշենք նաև, որ այսօր՝ հենց Խորեն Աբրահամյանի ծննդյան օրը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի բեմում առաջին անգամ երաժշտական յուրօրինակ կատարումներով ելույթ ունեցավ նորաստեղծ «YSU band»-ը, որի ղեկավարն է աշխարհահռչակ օպերային երգիչ Սարգիս Բաժբեուկ֊Մելիքյանը։
Անգին Խաչատրյան