- Գլխավոր
- Նորություններ
- «ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ԸՆԹԱՑՔԻ ԲԱՑԱՌՈՒՄՆ Է». ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
Սեպտեմբեր 07, 2021 | 16:49
Հասարակություն
«ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ԸՆԹԱՑՔԻ ԲԱՑԱՌՈՒՄՆ Է». ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի անդամների հանդիպումն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի հետ:
Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ամենադաժան երկու խնդիրները, որոնք պատուհասեցին մեզ, պատերազմը և ՔՈՎԻԴ-ն էին, որոնցից վերջինը դեռևս շարունակվում է, և որի տարածման տեմպը գնալով աճում է:
«Մենք, համագործակցելով Առողջապահության նախարարության հետ, այստեղ ներդրել ենք պատվաստումների պրակտիկա: Վարչական աշխատակիցներից արդեն պատվաստվել են, ֆակուլտետներում տիրող վիճակի մասին դեռևս վիճակագրություն չկա: Մենք կապ ենք հաստատել բոլոր պատվաստվողների հետ, հետաքրքրվել առողջական վիճակով, կարող ենք ասել, որ աշխատակազմի հիմնական մասը խնդիրներ չի ունեցել»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ աշխատակիցների շրջանում բազմաթիվ հարցեր են ի հայտ եկել՝ կապված հիվանդության, նոր հրամանից բխող կազմակերպական խնդիրների, իրավական հետևանքների, ուսումնական գործընթացի իրականացման և այլ խնդիրների հետ, որոնց պատասխանները տալու համար նախաձեռնվել և կազմակերպվել է այս հանդիպումը:
Անահիտ Ավանեսյանը հանդիպման ընթացքում համալսարանականներին ներկայացրեց հիվանդության դեմ պայքարի համար մշակված քաղաքականության հիմքերը և պատասխանեց նրանց հարցերին:
Նա փաստեց, որ ՔՈՎԻԴ-ը մեծ մարտահրավեր էր ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի համար: Նրա խոսքով, ի պատիվ բուժաշխատողների՝ կարծես թե որոշակի հարցեր կարգավորվել են, բայց վարակը շարունակում է շրջապտույտի մեջ գտնվել ամբողջ աշխարհում, այսինքն՝ այն հույսերը, թե վարակը կնահանջի, չեն արդարացել, և այժմ լուծման հաջորդ ուղին պատվաստանյութերի կիրառումն է:
«Գիտական միտքը, տարբեր կազմակերպություններ ու կառավարություններ միասնական ջանքերով փորձեցին մտավոր և ֆինանսական ներուժն ուղղել պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին: Եվ իսկապես, ռեկորդային ժամանակահատվածում, ինչը նույնպես կասկածի տեղիք է տալիս, ստացվեց պատվաստանյութ ստեղծել: Ստացվեց կարճ ժամանակահատվածում, քանի որ կիրառվեց պատրաստի լուծում այս իրավիճակի հաղթահարման համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, գործընթացը հնարավոր եղավ իրականացնել կարճ ժամանակահատվածում, քանի որ ՔՈՎԻԴ-ի պարագայում թե՛ ֆինանսական, թե՛ բյուրոկրատական միջոցները ծառայեցին ի շահ պատվաստանյութի ստեղծման. «Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք հասել են գրանցման ներկայիս փուլին, անցել են արդյունավետության, որակի և անվտանգության անհրաժեշտ փուլերն այնպես, ինչպես մյուս բոլոր դեղամիջոցները, որոնք կիրառվում են»:
Առողջապահության նախարարն ասաց, որ ինչպես մյուս բոլոր դեղամիջոցների դեպքում, պատվաստանյութերի դեպքում էլ կարող են լինել կողմնակի ազդեցություններ. «Մենք նորմայից ցանկացած շեղում արձանագրվում ենք և դրա վերաբերյալ իրականացնում քննություն՝ պարզելու, թե դա պատվաստման հետևանք էր, թե այլ գործոնի»: Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, փաստեց, որ պատվաստանյութն այս իրավիճակն ուղղելու լուծում է:
Նրա տեղեկացմամբ, քանի որ չի ստացվել համաժամանակյա պատվաստում իրականացնել ամբողջ աշխարհում, վարակը շարունակում է շրջանառվել և մուտացվել, ինչն իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները դեռևս չկան. «Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ոչ թե ունենանք բոլոր հարցերի պատասխանները և նոր քայլեր իրականացնենք, այլ առաջնորդվենք հարցերի այն պատասխաններով, որոնք այս պահին բավարարում են մեր խնդիրները լուծելու համար»:
«Մեր մոտեցումն է մի կողմից տարբեր միջոցներով հնարավորինս զսպել վարակի տարածումը, մյուս կողմից՝ շարունակել բնականոն կյանքը»,- ասաց Առողջապահության նախարարը և հավելեց, որ ելնելով պետության հնարավորություններից՝ առաջարկվում է պատվաստվել կամ երկու շաբաթը մեկ ներկայացնել վարակված չլինելու հանգամանքը փաստող թեստի պատասխան:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ կորոնավիրուսը մեծապես վնասել է համալսարանին՝ հատկապես մեծ հարված հասցնելով գիտական ներուժին: «Մեր փիլիսոփայության համաձայն՝ ամենակարևոր արժեքը մարդն է: Մենք այժմ վերանայում ենք առողջապահական մեր փաթեթը՝ այն ավելի լավը դարձնելու: Դա իրականացնելու ենք համալսարանի բյուջեի խնայողությունների հաշվին, այսինքն՝ ավելորդ գումարներ չեն ծախսվելու: Մարդու համար և մարդու շուրջը պետք է ստեղծվեն ենթակառուցվածքները»:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կա վիճակագրություն՝ պատվաստվածների քանի տոկոսն է կրկին վարակվել: Բացի դրանից՝ նա հետաքրքրվեց, թե նախարարի հրամանով սահմանված պահանջները, որոնք ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 1-ից, պարտադրա՞նք են, թե՞ ոչ, և ի՞նչ իրավակարգավորումներով են կարգավորվում:
Արմեն Ավետիսյանը հարցրեց նաև, թե ինչքանո՞վ է արդյունավետ, երբ դասախոսները պատվաստվում են, իսկ ուսանողները՝ ոչ, և առաջարկեց բուհական համակարգի նկատմամբ վերանայել որոշումը: Արհեստակցական կազմակերպության նախագահը հետաքրքրվեց նաև, թե այն մարդիկ, որոնք ունեն մեծ թվով հակամարմիններ, պե՞տք է թեստ հանձնեն կամ պատվաստվեն:
Խոսելով վիճակագրական տվյալների մասին՝ Անահիտ Ավանեսյանը փաստեց, որ որոշ պատվաստանյութերի կիրառման դեպքում գրանցվել է մինչև 95 տոկոս վարակման հնարավորության նվազում, բայց և նշեց, որ վարակի շրջանառման ու մուտացման հետևանքով կրկին վարակվելու հնարավորությունը նվազել է. «Պետք է փաստեմ, որ ի սկզբանե պատվաստման գլխավոր նպատակը մահացության և հիվանդության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքի բացառումն է, որը, ի ուրախություն մեզ, պահպանվում է»:
Անդրադառնալով իրավական ակտերին՝ Առողջապահության նախարարն ասաց, որ փոփոխություններ են իրականցվել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, որոնց շրջանակում էլ գործարկվել է նախարարի հրամանը:
Պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ է արդյունավետ, երբ դասախոսները պատվաստվում են, իսկ ուսանողները՝ ոչ, Անահիտ Ավանեսյանը նշեց, քանի որ պրոֆեսորադասախոսական կազմը ռիսկային խմբում է, այժմ առաջնահերթ խնդիրը նրանց առողջության պաշտպանությունն է:
Խոսելով հակամարմինների գոյության մասին՝ նա փաստեց, որ իրականացված բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ պատվաստումը ստեղծում է բավականին բարձր իմունային շերտ, որն ավելի ամբողջական իմունիտետ է ապահովում:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ճշտեց, որ եթե ներկայացվի հակամարմինների գոյությունը փաստող փաստաթուղթ, ապա կարելի՞ է չպատվաստվել ու հարցրեց, որ եթե կա բժշկական ցուցում, որ չի կարելի պատվաստվել, այդ դեպքում կարելի՞ է չպատվաստվել: Նա նաև հետաքրքրվեց, թե եթե դեռևս չկա հետազոտություն պատվաստման հետևանքների մասին, ապա կարելի՞ է համարել, որ պատվաստվողները փորձադաշտում են: Ռուբեն Մելքոնյանը հարց ուղղեց նաև Հովհաննես Հովհաննիսյանին՝ ասելով, թե հնարավո՞ր է համալսարանի հաշվին իրականացնել թեստավորում, կամ էլ առաջարկեց համապատասխան գումարի չափով պարգևատրել դասախոսներին:
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստանյութը դեղ է, և ինչպես մնացած դեղերն ընդունելիս պետք է պարզապես վստահել: Բացի դրանից՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այն բոլոր թեզերը, թե հակամարմինները կպաշտպանեն նոր վարակումից, հօդս են ցնդում: Նա նաև նշեց, որ այո՛, պատվաստվելիս մենք փորձադաշտում ենք, բայց պատվաստանյութերն արդեն անցել են որոշակի փուլեր, որոնք ցույց են տալիս, որ դրանք անվտանգ են:
Հովհաննես Հովհաննիսյանն էլ ի պատասխան ասաց, որ կարծում է՝ Ռուբեն Մելքոնյանը կհամաձայնի իր հետ՝ կապված համալսարանի բյուջեն խնայողաբար և բծախնդիր օգտագործելու հետ. «Լուծումը պատվաստումն է, որի քննարկման համար այսօր հավաքվել ենք: Երբ բոլորը կպատվաստվեն, ո՛չ թեստավորման խնդիր կառաջանա, ո՛չ հավելյալ ծախսերի»:
Անահիտ Ավանեսյանը հանդիպման ընթացքում պատասխանեց ռեկտորատի անդամներին հուզող մյուս հարցերին ևս, որոնք առնչվում էին պատվաստանյութերի տարբերությանը, դրանց ազդեցությանը, ուսումնական գործընթացը չդադարեցնելուն, դիմակների կրմանը և այլն:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, որը մասնագիտությամբ կենսաբան է, ասաց, որ լիովին համաձայն է տիկին Ավանեսյանի հնչեցրած մտքերի հետ. «Մենք պետք է պատվաստվենք: 100-տոկոսանոց պաշտպանիչ պատվաստանյութ ստեղծելն անհնար է, այն էլ կորոնավիրուսի դեպքում, որն ունի շուրջ 40 հազար մուտացիա: Այս դեպքում նվազեցնում ենք հիվանդության տարածումը և ծանր ընթացքը: Իմ խորհուրդն է պատվաստվելը»:
Հանդիպման ավարտին Անահիտ Ավանեսյանն ասաց, որ իզուր է հակադրվելը, պետք է պատվաստվել, քանի որ այն ներկայումս միակ լուծումն է:
Քնար Միսակյան