- Գլխավոր
- Նորություններ
- ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտ 17, 2020 | 12:53
Կրթություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակը և ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ Երևանի պետական համալսարանը 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը (առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու և ծրագրից հետ չմնալու համար անցնում է առցանց դասավանդման՝ օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները:
Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու համար e-learning.ysu.am հարթակում առկա է առցանց դասախոսությունների իրականացման (Webinar, Bigbluebutton) հնարավորություն։ Գործընթացը կարող է կազմակերպվել նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուսանողների էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն կրթական ծրագրով նախատեսված դասընթացների համապատասխան նյութերը՝ գրականության ցանկ, քննարկվող թեմայի վերաբերյալ առանցքային հարցեր, ինչպես նաև առաջադրանքներ՝ ուսումնական ծրագրին համապատասխան:
Ուսանողներն իրենց գիտական ղեկավարներից առցանց կարող են ստանալ կուրսային և ավարտական աշխատանքների վերաբերյալ խորհրդատվություն, իսկ ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները տեղի կունենան՝ ըստ հաստատված ժամանակացույցի:
ԵՊՀ գիտական խորհրդի քննարկմանն առաջարկ է ներկայացվել դասընթացների գնահատումն այս պայմաններում կատարել միայն եզրափակիչ քննությունով՝ հանելով երկու միջանկյալ քննությունները (որոշման արդյունքը կհրապարակվի):
Սիրելի՛ ուսանողներ, խնդրում ենք հետևել դասախոսների հանձնարարություններին, ամեն օր ստուգել ձեր էլեկտրոնային փոստը և բարեխղճորեն կատարել հանձնարարված առաջադրանքները:
Հ.Գ.: Մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում ենք՝ անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները:
Հարգանքով՝
ԵՊՀ ռեկտորատ