- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մայիս 14, 2021 | 11:13
Քաղաքականություն
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանը, օգտվելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.10 կետով իրեն տրված իրավասությունից և հիմք ընդունելով խորհրդի լուծարման մասին իրավական ակտի բացակայությունը, ապրիլի 29-ին գրությամբ պահանջել է հրավիրել խորհրդի արտահերթ նիստ՝ ապրիլի 23-ին իր կողմից ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը քննարկելու համար:
Թեպետ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պնդում է, որ ԵՊՀ-ն հոգաբարձուների խորհուրդ չունի, քանի որ խորհրդի 16 անդամներ ազատման դիմումներ են գրել, Գ. Գևորգյանն իր գրության մեջ իրավական հիմնավորումներ էր ներկայացրել, որ խորհուրդ գոյություն ունի: Նախևառաջ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ խորհրդի անդամի լիազորությունը դադարում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա։ Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է պատկանում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը։ Հետևաբար խորհրդի որևէ անդամի լիազորություն, օրենքով սահմանված կարգով, խորհրդի որոշմամբ վաղաժամկետ դադարեցված չէ, ինչը նշանակում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համալրված է ամբողջությամբ և իրավասու է իրականացնել օրենքով նախատեսված իր բոլոր լիազորությունները։
Հաշվի առնելով, որ այս անգամ ևս հիմնադրի և լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամները, բացի Ա. Քերոբյանից, չեն ներկայացել նիստին, հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողությունից ներկայացված անդամները հայտարարություն ընդունեցին խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի պետական հալասարանի հոգաբարձուների խորհրդի ներքոստորագրյալ անդամներս հայտարարում ենք՝
Ս.թ. մայիսի 10-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի կողմից հրավիրված հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին խորհրդի անդամներից 16-ի չներկայանալու պատճառով նիստը չգումարվելու և նշված անդամների հրաժարականների դիմումների առկայությամբ պայմանավորված՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ի վիճակի չէ կատարելու ԵՊՀ կանոնադրությամբ նախատեսված գործառույթները: Հաշվի առնելով, որ հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամների հրաժարականների դիմումները ստացվել են այնպիսի հանգամանքներում, որոնք ուղղակիորեն մատնանշում են դրանց կազմակերպված և ուղղորդված լինելը, կարծում ենք, որ հոգաբարձուների խորհրդի աշխատանքների խափանումը հանդիսանում է հիմնադրի և լիազոր մարմնի գործողությունների արդյունքը: ԿԳՄՍՆ-ի կողմից շարունակաբար նշվում է այն փաստը, որ խորհուրդում աշխատանքային մթնոլորտը տհաճ է, և հունվարի 29-ին էլ խորհրդի նախագահ չի ընտրվել, մինչդեռ իրականում գալիք նիստերում այդ հարցերը կարգավորելու որևէ խոչընդոտ չկար։ Տպավորություն է ստեղծվում, որ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացը պայմանավորված է լիազոր մարմնի համար նախընտրելի թեկնածու խորհրդի նախագահի պաշտոնում ընտրելու և խորհրդի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ցանկությամբ։
Ասվածի լրացուցիչ վկայությունն է այն, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթները ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկելուց հետո (այդ թվում՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին հակասելու հիմքով) լիազոր մարմնի առաջարկով ՀՀ կառավարությունը 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշմամբ ուղղակիորեն փոփոխություն է մտցնում ԵՊՀ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով կազմավորել իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ: Մենք կարծում ենք, որ կառավարության նման գործելաոճը ուղղակի միջամտություն է ԵՊՀ կառավարման գործառույթներին, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին:
Կոչ ենք անում կառավարությանը՝ վերանայելու 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշումը, հրաժարական տված անդամների փոխարեն նշանակելու խորհրդի նոր անդամներ և չխոչընդոտելու խորհրդի բնականոն գործունեությանը:
Միևնույն ժամանակ կոչ ենք անում ԵՊՀ դասախոսներին, ուսանողներին և Մայր բուհի խնդիրներով մտահոգ այլ անձանց՝ համախմբելու ջանքերը ստեղծված իրավիճակից դուրս գալու և առկա խնդիրներն առողջ, կառուցողական մթնոլորտում լուծելու համար։
- Ավետիք Քերոբյան (Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար)
- Արսեն Հախումյան (ԵՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր)
- Մենուա Սողոմոնյան (ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ)
- Կառլեն Խաչատրյան (ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ)
- Վարդան Ոսկանյան (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ)
- Սարգիս Քելյան (ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ)
- Նարինե Խաչատրյան (ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ)
- Միքայել Մալխասյան (ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ)
- Դավիթ Ափոյան (ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, իրավագիտության ֆակուլտետի ուսանող)
- Ամալյա Սողոմոնյան (ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ)
- Արմինե Ավթանդիլյան (ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի)
- Բաբկեն Հովհաննիսյան (ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ)
- Խաչիկ Աբաջյան (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող)
- Շուլի Հակոբյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող)
- Արշակ Պողոսյան (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող)
- Հասմիկ Վարդումյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի)