- Գլխավոր
- Նորություններ
- «ARMCOMEDY»-Ի ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 08, 2018 | 17:21
Հասարակություն
«ARMCOMEDY»-Ի ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում «ArmComedy» հաղորդման հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանի և Նարեկ Մարգարյանի հետ։
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԽ-ի մշակույթի հանձնաժողովը:
Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը ջերմորեն ողջունեցին ուսանողներին և պատրաստակամություն հայտնեցին պատասխանել ներկաների բոլոր հարցերին:
Հանդիպումը կազմակերպվել էր հարց-պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հետաքրքրվեցին, թե ինչպիսին է եղել հյուրերի ուսանողական կյանքը, ինչի մասին են երազել և այլն: Պարզվեց, որ հյուրերը երկար տարիներ բոլորովին այլ գործունեություն են ծավալել, սակայն հումորը տարիներ անց կարողացել է միավորվել նրանց:
Հյուրերն ուսանողներին պատմեցին «ArmComedy»-ի այն թողարկումների մասին, որոնք շատ մեծ արձագանք են գտել ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանդիսատեսի կողմից: Հատկապես ճգնաժամային իրավիճակներում եղել են թողարկումներ, որոնք օգնել են հաղթահարել տեղեկատվական կոլապսը:
Ուսանողները հարցեր տվեցին նաև համացանցի զարգացման միտումների և հեռուստատեսության արդիականության մասին: Ինչին ի պատասխան՝ հյուրերը նշեցին, որ թեպետ համացանցն առավել ազատ և անկաշկանդ տիրույթ է, բայց հեռուստատեսության միջոցով ավելի արագ է հաղորդագրությունը տեղ հասցնում համապատասխան մարդկանց, օրինակ, պաշտոնյաներին:
«Մեկ բան է, երբ քեզ ցուցադրում են համացանցով, բոլորովին այլ բան է, երբ քո մասնակցությամբ որևէ դեպք կամ իրադարձություն մեկնաբանվում է հեռուստատեսությամբ: Եվ հետո, գալու է մի ժամանակ, երբ երկուսի սպառումն էլ հավասարաչափ է դառնալու»,- կարծիք հայտնեցին հյուրերը:
Հանդիպման վերջում Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեցին ներկաներին և խոստացան, որ հնարավորության դեպքում ուրախ կլինեն կրկին հանդիպելու նրանց:
Անի Պողոսյան