- Գլխավոր
- Նորություններ
- «Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ՝ Ո՞ՒՐՑ, ԹԵ՞ ՈՒՐՑԱԴԱՂՁ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՀԱՅ ԲՈՒՅՍ 2021» ՓԱՌԱՏՈՆԻՆ
Հունիս 28, 2021 | 14:05
Հասարակություն
«Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ՝ Ո՞ՒՐՑ, ԹԵ՞ ՈՒՐՑԱԴԱՂՁ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՀԱՅ ԲՈՒՅՍ 2021» ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցները և բակալավրիատի «Կենսաբանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացվող «Հայ Բույս 2021» յոթերորդ փառատոնին։
«Հայ Բույս» փառատոնի նպատակն է իրազեկել բնական ռեսուրսներից մեկի՝ բույսերի օգտագործման մասին, սովորեցնել արդյունավետ կիրառել բնության բարիքները կենցաղում, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը: Փառատոնի ընթացքում մասնակիցները ծանոթանում են հայկական մշակույթին, ձեռք բերում նոր գիտելիքներ և մասնակցում ուսուցողական միջոցառումներին։
ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնն այս տարի ևս մասնակցել է «Հայ Բույս» փառատոնին և ներկայացել իրազեկող տաղավարով: Որպես խորագիր՝ այս տարի ընտրվել էր «Ի՞նչ ենք մենք օգտագործում՝ ո՞ւրց, թե՞ ուրցադաղձ»-ը։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագուլյանն ասաց, որ ուրցը Հայաստանում լայնորեն օգտագործվող դեղատու տեսակներից է. «Բնակչությունն ուրցի հետ մեկտեղ սխալմամբ լայնորեն հավաքում և կիրառում է խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող այլ ցեղի տեսակները, որոնք չունեն ուրցի բուժիչ հատկությունները: Ինչպե՞ս տարբերակել ուրցն ուրցադաղձից: Այս հարցի պատասխանը փառատոնի մասնակիցները ստացել են ԵՊՀ-ի տաղավարում»:
Բացի դրանից՝ փառատոնի ընթացքում հյուրերը մասնակցել են թեյախմությանը, որպեսզի արտաքին տեսքից բացի՝ նաև օրգանալեպտիկ հատկություններով՝ համով և հոտով, կարողանան տարբերել ուրցն ուրցադաղձից:
Սիրանուշ Նանագուլյանն ասաց, որ ուսանողները փառատոնի մասնակիցներին ներկայացրել են մանրադիտակային սնկերով օդի աղտոտվածության հիմնահարցը. «Մանրադիտակային սնկերի սպորների մեծ քանակն օդում մարդկանց օրգանիզմում կարող է առաջացնել տարբեր ալերգիկ ռեակցիաներ և սնկային հիվանդություններ: Օդի մաքրման առավել անվտանգ և հասանելի եղանակներից առաջարկվում է օգտագործել ֆիտոնցիդային ակտիվությամբ օժտված բույսեր»։
Նրա խոսքով, փառատոնի մասնակիցներին հետաքրքրել է նաև ուտելի և բուժիչ հատկություններ ունեցող կախասնկի աճեցման անթափոն տեխնոլոգիան. «Կախասնկի աճեցմանպարզ տեխնոլոգիայի, ինչպես նաև բանջարեղենի թափոնների օգտագործման շնորհիվ սունկը հաջողությամբ կուլտիվացվում է մանր տնտեսություններում, տնամերձ տարածքներում, իսկ սուբստրատը հետագայում օգտագործվում է որպես սպիտակուցներով հարուստ անասնակեր»։
Փառատոնի ընթացքում Կենսաբանության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Հայաստանի կենսաբազմազանությանը վերաբերող ինտերակտիվ խաղի, որտեղ ստացել են մրցանակ։
Փառատոնի ավարտին ուսանողները մասնակցել են նաև արդեն ավանդույթ դարձած՝ խաղաղություն խորհրդանշող հայկական լավաշով, պանրով և զանազան կանաչիներով 40 մետրանոց բրդուճի պատրաստմանն ու համտեսին։
Պատրաստեց Քնար Միսակյանը