- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՍ ԱՅԺՄ ԷԼ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ ԵՄ ՈՒ ԵԿԵԼ ԵՄ ԱՅՆ ԽՈՐԻՆ ՀԱՄՈԶՄԱՆ, ՈՐ ՉՍԻՐՈՂ ԵՎ ՉՍԻՐԱՀԱՐՎՈՂ ՄԱՐԴԸ ԴԱԴԱՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ». ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԸ՝ ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ, ՍԵՐԵՐԻ ՈՒ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբեր 05, 2018 | 12:12
Հասարակություն
«ԵՍ ԱՅԺՄ ԷԼ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ ԵՄ ՈՒ ԵԿԵԼ ԵՄ ԱՅՆ ԽՈՐԻՆ ՀԱՄՈԶՄԱՆ, ՈՐ ՉՍԻՐՈՂ ԵՎ ՉՍԻՐԱՀԱՐՎՈՂ ՄԱՐԴԸ ԴԱԴԱՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ». ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԸ՝ ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ, ՍԵՐԵՐԻ ՈՒ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի արմատները Քանաքեռից են:
Ավագյանը ցավով նշում է, որ հայրն ու հորեղբայրը մեծացել են որբ ու անօգնական. «Հայրս շատ վաղ կորցրել է ծնողներին ու եղբոր հետ ապրել որբության ու չքավորության մեջ»:
Նա հիշատակում է, որ մայրական շառավիղը սերում է Խաչատուր Աբովյանի քեռու գերդաստանից. «Մայրական գերդաստանս Խաչատուր Աբովյանի քեռու շառավիղն է, նրանք ապրել են բարեկեցիկ ու լավ պայմաններում»:
Ավագյանը պատմում է, որ ծնողներն ունեցել են չորսամյա կրթություն, բայց եղել են գրասեր ու ընթերցասեր, գրքի հանդեպ սերը շարունակվել է անգամ խոր ծերության շրջանում. «Գիրքը մեր ընտանիքի զարդն է: Ես այսօրվա նման հիշում եմ ՝ քույրերս գրքի համար կռվում էին»:
Ահա, թերի կրթություն ունեցող ծնողներն իրենց հինգ զավակներին տալիս են բարձրագույն կրթության: «Չարքաշ աշխատանքով պահում էին ընտանիքը: Հայրս ատաղձագործ էր, բայց երեխաներից ոչ մեկին արհեստ սովորելու չտվեց»,- ասում է Ա. Ավագյանը:
Նա նշում է, որ չնայած չարաճճիություններին՝ վաղ տարիքից ֆիզիկական դժվարին աշխատանքներ է կատարել. «Օր ու գիշեր աշխատում էի. մենք բալի ծառեր ունեինք, որոնց քանակն անթիվ էր, մեծ դույլերով քաղում ու վաճառում էի: Այնքան էի բարձրանում այդ ծառերը, որ ոտքերս վնասվում ու արյունոտվում էին: Շատ հաճախ տնից տուն էի ընկնում, որ մի քանի կոպեկ աշխատեմ ու հաց առնեմ»,- հիշում է դեկանը:
Դեկանի մանկությունն անցել է Քանաքեռի ձորում՝ մանկական խաղերով ու չարաճճիություններով «հովանավորությամբ». «Վաղ գարնանը դասերից փախչում ու բարձանում էինք ձորի կեռասենիները, քաղում ու ուտում էինք, ինչքան սրտներս ուզեր»:
Ավագյանի նկարագրմամբ, վերոնշյալ ձորը հայտնի էր իր երեք աղբյուրներով, որոնց անվանումները պատահական ընտրված չէին. «Ծարավ աղբյուր», «Շոռ աղբյուր» ու «Կաթի աղբյուր»: «Մի դեպքում ջուրն այնքան աղի էր, որ ստացել էր «շոռ» անվանումը, մյուսը՝ կաթի նման սպիտակ ու համով, իսկ «Ծարավ աղբյուրի» ջուրն այնքան սառն ու քաղցր էր, որ ինչքան խմում չէինք հագենում»,- ոգևորությամբ պատմում է դեկանը:
Ավագյանը ամենից շատ կարոտում է պարզ, անարատ, զուլալ, հավատավոր
մարդկային հարաբերությունները, որոնք այժմյան հասարակությունում դժվար է գտնել. «Այնքան խարդավանք կա, որ վերջը չի երևում. Ողբերգությունն այն է, որ խարդավանքը քողի ու լուսավոր խոսքերի տակ է թաքնված»:
Հիշելով մանկության սերերին՝ դեկանն անկեղծորեն խոստովանում է, որ շատ է սիրահարվել: «Եթե պատմեմ միայն մեկից, ապա դա կդիտվի խտրականություն. մարդուն պետք է սիրել ամբողջովին, իսկ ես բոլորին անկեղծ սիրել եմ,- ասում է նա ու հավելում. «Ես այժմ էլ սիրահարվում եմ ու եկել եմ այն խորին համոզման, որ չսիրող և չսիրահարվող մարդը դադարում է ապրել»:
Դեկանի բնորոշմամբ, գեղեցիկ աղջիկը նման է գեղեցիկ կտավի, որին անհնար է անտեսել. «Ինչպես կարելի է չհիանալ այն շքեղ կտավներով, որոնք թանգարանի զարդն են. այդպես էլ կինն է. պետք է գնահատել գեղեցկությունն ու սիրել»:
Արծրուն Ավագյանը պատմում է, որ այնքան չարաճճի է եղել, որ իրեն 9Ա դասարանից տեղափոխել են 9Բ դասարան. «Այնտեղ էր սովորում իմ սիրած աղջիկը, ինձ նրանից բաժանում էին: Ես ծանր էի տանում այդ բաժանումն ու երկու շաբաթ դասի չէի գնում»,- ծիծաղով պատմում է դեկանը:
Նա ասում է, որ ուսանողական վերջին տարվա սիրահարվածության ժամանակ էլ որոշվում է իր հետագա ճակատագիրը. «Մի անգամ, երբ ուղեկցում էի այն աղջկան որին սիրահարվել էի, և որը հետո դարձավ կինս, ինձ հանդիպեց ակադեմիկոս Հրանտ Թամրազյանը և առաջարկեց մնալ ու աշխատել համալսարանում»:
Ամփոփելով իր պատմությունը՝ Արծրուն Ավագյանը հավաստիացնում է, որ ապրելու է հայրենի Քանաքեռում, սակայն ունի մտահոգություն. «Քանաքեռը Երևանում միակ բնակավայրն է, որտեղ որևէ փողոցում լուսափոր չկա. իմ օրրանն անտեսված ու մոռացված է, որի համար ես ցավ եմ ապրում»:
Անգին Խաչատրյան