- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԵԼԳՈՐՈԴՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՌՑԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ
Դեկտեմբեր 19, 2020 | 20:39
Հասարակություն
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԵԼԳՈՐՈԴՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՌՑԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ
Բելգորոդում դեկտեմբերի 16-17-ը տեղի է ունեցել միջազգային ֆորում «Հանրային կառավարումը ԵԱՏՄ երկրներում» խորագրով:
Այն կազմակերպվել է Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի սոցիալական տեխնոլոգիաների և պետական ծառայության ամբիոնի ու Միջսահմանային համագործակցության և ինտեգրման ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ:
Առցանց ֆորումը համախմբել էր հանրային կառավարման, եվրասիական ինտեգրման և միջազգային հարաբերությունների ոլորտների առաջատար գիտնականներին ու փորձագետներին տարբեր երկրներից (Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և այլն):
Հայաստանից առցանց ֆորումին մասնակցում էին ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղ. գիտ. դոկտոր Աշոտ Ալեքսանյանը և Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր Թեհմինա Մարությանը:
Մասնակիցներին ողջունեց Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրեն, սոց. գիտ. դոկտոր Վիկտոր Զախարովը: Սոցիալական տեխնոլոգիաների և պետական ծառայության ամբիոնի վարիչ, սոց. գիտ. դոկտոր Վիկտոր Սապրիկան նշեց, որ ֆորումն առաջին անգամ է անցկացվում, բայց հույս հայտնեց, որ նախագիծը հետագայում շարունակական կլինի:
Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր Թեհմինա Մարությանն ընդգծեց ֆորումի անցկացման կարևորությունը ԵԱՏՄ տարածքում տարածաշրջանային գիտությունը միավորելու համար:
ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղ. գիտ. դոկտոր Աշոտ Ալեքսանյանը հանդես եկավ «ՌԴ խաղաղապահ գործունեության ժամանակակից ռազմավարությունը Լեռնային Ղարաբաղում. կանխարգելման հնարավորությունները և զինված հակամարտությունների կարգավորման ուղիները» թեմայով զեկուցմամբ: Փորձագետը խոսեց խաղաղապահ գործունեության ուղղությունների մասին, որոնք կարևոր են ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՊՀ երկրների համար, ինչպես նաև ընդգծեց ներկա փուլում ձևավորվող մեթոդներն ու ռազմավարությունները:
Օրվա ավարտին Վիկտոր Սապրիկան ֆորումի մասնակիցներին ներկայացրեց «ԵԱՏՄ անդամ երկրների հանրային կառավարման դպրոցների միջտարածաշրջանային ցանցը» նախագծի շրջանակում կատարված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ԵԱՏՄ անդամ երկրներում հանրային կառավարման հիմնական հասկացությունները, հանրային կառավարման մեջ հասարակական սեկտորի դերը, գիտակրթական համագործակցության արդյունավետությունը և այլն:
Դեկտեմբերի 17-ին ֆորումի շրջանակում անցկացվել է գործնական խաղ «Հանրային կառավարման մարմինների համակարգը» թեմայով, որին մասնակցել են Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի ուսանողներ, ինչպես նաև դասախոսներ, փորձագետներ ու ուսանողներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից:
Խաղի ընթացքում թիմերի մասնակիցները մշակել և ներկայացրել են քաղաքական կուսակցությունների ծրագրեր, ազգային նախագծեր և անցկացրել են նախընտրական քարոզչություն: Մասնակիցներն ընտրել են նախագահ, քաղաքական կուսակցություններ և ընդունել են օրենքի նախագծեր:
Ֆորումն ավարտվել է «Հանրային կառավարումը թվային հասարակության մեջ. դեպի նոր սոցիալական պայմանագիր» խորագրով կլոր սեղանով: