- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Ապրիլ 01, 2021 | 15:15
Քաղաքականություն
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:
ԵՊՀ երկրորդ գումարման հոգաբարձուների խորհրդի թիվ 4 նիստում նախատեսվում էր քննարկել 2019-20 ուստարվա հաշվետվությունը և զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը, ինչպես նաև կայացնել որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության վերաբերյալ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասաց, որ արդեն տևական ժամանակահատված խորհուրդը բախվում է այս խնդրին, երբ քվեակազմի բացակայության պատճառով տեղի չեն ունենում նիստերը:
Նա ասաց, որ երբ ծանուցումն ուղարկվել է ՀԽ-ի անդամներին, նրանցից մեծ մասն արձագանքել է, որ ներկա է լինելու նիստին, ընդ որում, Միքայել Մալխասյանի տեղեկացմամբ, ծանուցման մեջ հստակ նշվում է վերջնաժամկետը, թե անդամները մինչև երբ պետք է տեղեկացնեն նիստին մասնակցելու կամ բացակայելու վերաբերյալ:
«Միայն այսօր առավոտյան անդամների մեծ մասը տեղեկացրել է, որ չի կարող գալ, ընդ որում՝ նրանցից ոմանք այն անդամներն են, որոնք արդեն հաստատել էին իրենց մասնակցությունը նիստին: Նշված ժամկետում արձագանքել է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը»,- փաստեց Միքայել Մալխասյանը:
Նա ասաց, որ նիստից մեկ ժամ առաջ հարց է բարձրաձայնվել նաև օրակարգի վերաբերյալ, ինչը, ըստ նրա, անհասկանալի է, քանի որ օրակարգը ձևավորվել է հստակ՝ համաձայն աշխատակարգի: Մ. Մալխասյանի պարզաբանմամբ, օրակարգային առաջին հարցը, որը վերաբերում էր հաշվետվություններին, ներառվել է՝ ելնելով նախորդ նիստին հնչած առաջարկություններից, իսկ ընտրությունների վերաբերյալ հարցերը նախատեսված են եղել դեռևս հոկտեմբերի 5-ին նախատեսված նիստում:
ՀԽ քարտուղարը հիշեցրեց, որ այդ նիստը ևս քվորումի բացակայության պատճառով հետաձգվել էր, իսկ համաձայն աշխատակարգի՝ ընդհանուր կարգով գումարված հաջորդ նիստում այդ հարցերը պետք է ներառված լինեն. «Նախորդ նիստն ընդհանուր կարգով չէր հրավիրվել, այդ պատճառով էլ ընտրության վերաբերյալ հարցերը ներառված չէին»:
ԵՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, իմանալով, որ նիստին ներկա են միայն համալսարանական անդամները, հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա սաբոտաժ չէ:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն արձանագրեց, որ նիստը տապալված է լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամների պատճառով, և համոզմունք հայտնեց, որ պատճառը նրանց հետաքրքրող հարցի բացակայությունն է: Նրա կարծիքով, սա ցույց է տալիս, որ համալսարանների ՀԽ-ների կազմում կառավարության կողմից ընդգրկված անդամները ներկայացված են ոչ թե բուհի խնդիրները լուծելու, այլ իրենց քաղաքական շահերը սպասարկելու համար:
Դավիթ Ափոյանն ընթերցեց նիստից բացակայող անդամների անունները՝ փաստելով, որ նրանք արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել բուհի նկատմամբ:
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ այս վերաբերմունքը վրդովեցուցիչ է. «ՀԽ-ն, բուհի կառավարման բարձրագույն մարմինը լինելուց զատ, նաև այն մարմինն է, որը պետք է հոգ տանի համալսարանի մասին: ՀԽ-ի անդամներն ամենաշատը պետք է մտահոգված լինեն բուհի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, ու հենց իրենք քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ»:
Չներկայացած անդամների քայլը, ըստ Կառլեն Խաչատրյանի, ոչ միայն անարգանք է ՀԽ-ի մյուս անդամների, այլև ամբողջ կոլեկտիվի և բուհի նկատմամբ: Նա կոչ արեց գործընկերներին վերադառնալ կառուցողական դաշտ և համատեղ քննարկումների միջոցով լուծել խնդիրները:
Կառլեն Խաչատրյանի կարծիքով, վերջերս մամուլում տարածված՝ բուհերի շենքերի վաճառքի վերաբերյալ տեղեկությունների ֆոնին այս վերաբերմունքից կարելի է հասկանալ, որ օրվա իշխանությունները փորձում են կազմաքանդել բուհական համակարգը, վերջնականապես քանդել ԵՊՀ-ն, բայց միևնույն ժամանակ վստահեցրեց, որ համալսարանականները դա թույլ չեն տա:
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն արձանագրեց, որ ԵՊՀ-ի համար նման ծանր իրավիճակ եղել է 30-ականների կեսերին, երբ 1-2 տարվա մեջ 6 ռեկտոր է փոխվել:
Նրա խոսքով, բուհն իր գործունեության, կրթական ծրագրերի արդյունքի համար հաշվետու է հանրությանը և պետությանը, և այսօրվա նիստի տապալումը, ըստ նրա, հենց այդ հաշվետվողականության սկզբունքի խախտման ցուցիչն է, որ պետությունը՝ ի դեմս հիմնադրի և լիազոր մարմի, պետք է վերցներ այդ հաշվետվությունը, ինչին տեր չի կանգնում:
Այս վիճակը, ըստ Մենուա Սողոմոնյանի, ցույց է տալիս, որ ԵՊՀ-ի արժեզրկման, վարկաբեկման շղթան սկսվել է դեռևս 2018 թ. մայիսից, երբ տեղի ունեցան հայտնի անկարգությունները, երբ գիտխորհրդի նիստերի դահլիճը դարձել էր թղթախաղի վայր: Մենուա Սողոմոնյանը, միանալով Կառլեն Խաչատրյանի հորդորին, առաջարկեց ևս մեկ անգամ հնարավորություն տալ և նույն օրակարգով որքան հնարավոր է շուտ հրավիրել նիստ:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Խաչիկ Աբաջյանը նշեց, որ սաբոտաժները, որոնք կազմակերպվում են, չեն հաջողելու, քանի որ ԵՊՀ-ն միայն շենք չէ, այն ունի սրտացավ ուսանողներ, դասախոսներ:
Ստորև ներկայացնում ենք նիստին չմասնակցած անդամների անունները.
Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Վ. Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Գ. Հարությունյան - «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն
Հ. Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար
Վ. Յակուբյան - ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ
Ա. Քերոբյան - Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար
Ն. Կոստանդյան - Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն
Հ. Արշամյան - «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի տնօրեն
Հ. Նավասարդյան - Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն
Ա. Չուբարյան - Երևանի պետական համալսարանի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր
Ն. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ
Քնար Միսակյան