- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՐԲԵՔ ՉԴԱՎԱՃԱՆԵՔ ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԵԼ Է ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Հունիս 25, 2021 | 14:54
Հասարակություն
«ԵՐԲԵՔ ՉԴԱՎԱՃԱՆԵՔ ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԵԼ Է ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2020-2021 ուստարվա շրջանավարտներն այսօր հանդիսավորությամբ ստացան իրենց դիպլոմները:
Միջոցառման ժամանակ ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, դիմելով շրջանավարտներին, հորդորեց երբեք չմոռանալ, թե որտեղ են ձևավորվել որպես մարդ և որպես իրավաբան:
«Երբեք չդավաճանեք ձեր մասնագիտությանը: Այսօր ստեղծված պայմաններում էլ ավելի է կարևորվում իրավաբանի մասնագիտությունը և մասնագիտությանը չդավաճանելու այս հորդորը: Միշտ հիշե՛ք, որ դուք իրավաբան եք, և ձեր մասնագիտությանը դավաճանելը հավասարազոր է ընտանիքին դավաճանելուն: Միշտ հարգանքի արժանի են լինելու այն մասնագետները, որոնք, անկախ պայմաններից, հավատարիմ են մնում մասնագիտական սկզբունքներին»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը, շնորհավորելով շրջանավարտներին, կոչ արեց միշտ բարձր պահել համալսարանականի բարձր պատիվը. «Համալսարանի կողքով անցնելիս էլ միշտ հարազատի աչքերով նայեք, քանի որ սա այն վայրն է, որտեղ ձեռք եք բերել ձեր մասնագիտությունը, իսկ իրավաբանությունը, ըստ ինձ, աշխարհի լավագույն մասնագիտությունն է, իրավաբանությունից սկսում և ավարտվում է կյանքը»:
Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Հարություն Խաչիկյանն էլ շնորհավորեց և հույս հայտնեց, որ շրջանավարտների մեծ մասը կշարունակի ուսումնառությունը ֆակուլտետի մագիստրատուրայում:
Ֆակուլտետի շրջանավարտ Եղեգնի Բաբայանը շնորհակալություն հայտնեց ֆակուլտետին հրաշալի կրթության, ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար, Դավիթ Թովմասյանն էլ արձանագրեց, որ ֆակուլտետն ուսանողակենտրոն է, և որ մեծ պատիվ է լինել այս ֆակուլտետի շրջանավարտը:
Անահիտ Բադալյանն էլ միջոցառման ժամանակ շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի և արձանագրեց, որ այսօրվա միջոցառումը տեղի է ունենում նաև՝ ի շնորհիվ զոհված զինծառայողների. «Այսօր որքան ուրախ, այդքան էլ տխուր ենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել զոհված զինծառայողներին, հատկապես մեր համակուրսեցիներին»:
Սոնա Հայրապետյանն էլ շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի ղեկավարությանը, որ կրթեց ևս մեկ սերունդ, որը, ըստ նրա, հասարակության մեջ կունենա իր առաջնորդող ու պատասխանատու դերը:
Քնար Միսակյան