- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
Հուլիս 22, 2021 | 19:43
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին:
Հայաստանում ոլորտի զարգացման և արհեստավարժ հոգեբանական ծառայությունների մատուցումը խրախուսելու նպատակով կնքված այս համաձայնագիրը նպատակաուղղված է կողմերի գործունեության ու նրանց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում մշտական շփումների և համագործակցության հաստատմանը:
Մեզ հետ զրույցում «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր Վարուժան Մելքոնյանը նշեց, որ համագործակցության գաղափարն առաջացել է այն պահից, երբ ոլորտում ի հայտ են եկել հոգեբանական ծառայություն մատուցող բազում կասկածելի կազմակերպություններ, իսկ դիլետանտիզմը գնալով սկսել է ավելանալ:
Պարոն Մելքոնյանն ասաց, որ այս ոլորտում ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն այն եզակիներից է, որ շարունակում է մնալ արհեստավարժության և մասնագիտական էթիկայի շրջանակում՝ համալրվելով արհեստավարժ մասնագետներով:
«Հասկանալով, որ դիլետանտիզմի դեմ դժվար է պայքարել, քանի որ այն ավելի շատ է, քան արհեստավարժությունը, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի հետ որոշեցինք խրախուսել լավ մասնագետներին և կենտրոններին»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Մելքոնյանը:
Նրա խոսքով, այս համագործակցությունը շատ հեռանկարային է, և հետագայում նախատեսվում է համատեղ բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների անցկացում:
Հարկ է նշել, որ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կնքած համագործակցության համաձայնագրի հիմնական ուղղություններից են կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերում համագործակցությունը, մասնագետների համար սուպերվիզաների ապահովումը, երիտասարդ կադրերի ընտրության և մասնագիտական աճի ապահովման աշխատանքների կազմակերպումը, ՀՀ-ում մասնագիտական գործունեության էթիկական նորմերի մշակումը, մասնագիտական արհեստավարժության խրախուսմանն ուղղված տարատեսակ միջոցառումների իրականացումը, մասնագիտական հիմնախնդիրներին վերաբերող ուսումնասիրությունների, համատեղ գիտահետազոտական աշխատանքների, ինչպես նաև լուսավորչական աշխատանքների իրականացումը:
Անի Պողոսյան