- Գլխավոր
- Նորություններ
- ՀՀ-ՈԻՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՍԿՍԱԾ՝ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԵՎ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
Ապրիլ 01, 2020 | 18:43
Կրթություն
ՀՀ-ՈԻՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՍԿՍԱԾ՝ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԵՎ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
Ելնելով մարտի 16-ին ՀՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն ուսումնական գործընթացը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում իրականացվող հեռավար դասընթացների, ուսանողների և դասախոսների ներգրավվածության մասին զրուցեցինք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանի, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Պետրոսյանի հետ:
Ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը նշեց, որ արտակարգ դրության հայտարարման առաջին օրվանից սկսած՝ հեռավար ուսուցման դասընթացներին մասնակցել են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսական կազմի գրեթե բոլոր ներկայացուցիչները և ուսանողները:
«Այս պայմաններում հասկանալի է, որ ամբողջական մասնակցություն, այն էլ ՀՀ-ի տարբեր վայրերում գտնվող մեր ուսանողների կողմից չենք կարող սպասել: Սակայն ամեն քայլ արվում է՝ դասընթացներն ինտենսիվ անցկացնելու և ուսումնական գործընթացը շարունակական դարձնելու համար»,- փաստեց դեկանը:
Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանի տեղեկացմամբ, առցանց հարթակները, որոնց միջոցով անցկացվում են հեռավար ուսուցումը, քննարկումները, դասախոսությունները, ուսանողների աշխատանքները ներկայացնելու և վերլուծելու առումով շատ կարևոր են։
«Չնայած ուսանողներն այլևս միջանկյալ քննություններ չեն հանձնելու, այնուամենայնիվ մենք փորձում ենք քննարկումների, դասախոսությունների միջոցով ներկայացնել և ստուգել ուսանողների ընթացիկ աշխատանքները, որոնք, ըստ ինձ, շատ կարևոր են»,- նշեց Կ. Թռչունյանը:
Որքան էլ կրթության շարունակականությունն ապահովող այս միջոցները կենտրոնի տնօրենն իրատեսական է դիտարկում, այնուամենայնիվ նա նշեց, որ գործնական և լաբորատոր աշխատանքները, որոնք ուսումնական գործընթացի անբաժանելի մաս են կազմում, այս եղանակով փոխարինել որևէ կերպ չի հաջողվելու․ «Դասերը մեկնարկելուն պես մենք փորձելու ենք ինտենսիվորեն լրացնել բաց թողնված լաբորատոր պարապմունքները»:
Կ. Թռչունյանի հավաստմամբ, ֆակուլտետում ուսանողների մեծամասնությունն է ներգրավված աշխատանքներին: Նա նաև ասաց, որ «Zoom», «E-learning.ysu.am», «Moodle» առցանց հարթակների միջոցով ուսանողներն արդեն հասցրել են ներկայացրել մի շարք զեկուցումներ, հանդես են եկել դասապրոցեսին վերաբերող տարբեր հարցադրումներով:
Անդրադառնալով դիպլոմային-ավարտական աշխատանքներին՝ ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը և Կարեն Թռչունյանը վստահեցրին, որ դասախոսներն առցանց հարթակներն օգտագործում են նաև օգնելու ուսանողներին ավարտական աշխատանքները գրելու, քննարկելու, վերլուծելու և համակարգելու գործում:
Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Պետրոսյանի խոսքով էլ, հեռավար ուսուցմամբ մատուցվող դասախոսությունները պարզ և մատչելի են.«Դասընթացը հաջողված է դասախոսների և ուսանողների համագործակցության շնորհիվ, ինչպես նաև հարցերի վերլուծմամբ և գնահատմամբ»:
Անգին Խաչատրյան