- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՅՆ ՈՒՍԱՆՈՂԸ, ՈՐԸ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ Է ԼՍԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ՊԱՐՏԱՃԱՆԱՉ Է ՆԱԵՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ». ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ապրիլ 09, 2020 | 10:50
Կրթություն
«ԱՅՆ ՈՒՍԱՆՈՂԸ, ՈՐԸ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ Է ԼՍԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ՊԱՐՏԱՃԱՆԱՉ Է ՆԱԵՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ». ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև ընդհատումից խուսափելու համար։
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը նույնպես անցել է առցանց ուսուցման, որի մասին խոսել ենք ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Հովհաննիսյանի հետ։ Նա զբաղվում է նաև ֆակուլտետի առցանց դասընթացների համակարգման գործընթացով:
Նրա խոսքով, Աստվածաբանության ֆակուլտետում դեռևս դասերի դադարեցման առաջին շաբաթից, ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հանձնարարականով, դասախոսական կազմը համապատասխան ուսումնական նյութերով և դասախոսություններով են ապահովել ուսանողներին:
Հետո արդեն, երբ պարզ դարձավ, որ երկրում հաստատվելու է արտակարգ դրություն, ֆակուլտետն ամբողջապես անցավ հեռավար ուսուցման:
«Պետք է նշեմ, որ հեռավար ուսուցում իրականացնելիս մենք օգտվում ենք տարբեր ծրագրերից՝ «Zoom», «Moodle», «Messenger», «Skype»,- ասաց Արամ Հովհաննիսյանը,- հատկանշական է, որ սոցիալական հարթակի ընտրությունը դասախոսն է որոշում»:
Ըստ դեկանի տեղակալի՝ եղել են նաև դասախոսներ, որոնք իրենց դասախոսությունները տեսանյութի տեսքով ոչ միայն ուղարկել են ուսանողներին, այլև տեղադրել են սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում, որպեսզի դրանք հասանելի դառնան բոլորի համար:
«Այս ընթացքում ես կապի մեջ եմ եղել ամբիոնների վարիչների և դասախոսների հետ, որոնք աշխատում են ոչ մի դաս բաց չթողնել ,- փաստեց նա,- և տեղյակ եմ նաև որոշ տեխնիկական անհարմարությունների ու սոցիալական խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են առցանց դասընթացներն իրականացնելիս»:
Ներկայացնելով ուսանողների ատիվությունը՝ մեր զրուցակիցը նշեց, որ այստեղ աչքի ընկնող տարբերություններ առանձնապես չկան. «Այն ուսանողը, որը պարտաճանաչ է լսարանային պայմաններում, պարտաճանաչ է նաև առցանց հարթակում»:
Ա․ Հովհաննիսյանն ասաց, որ բացառություն են կազմում այն քչաթիվ ուսանողները, որոնք նույնպես պարտաճանաչ են, բայց այս կամ այն պատճառով հնարավորություն չունեն մասնակցելու առցանց ուսուցմանը:
Անի Պողոսյան