- Գլխավոր
- Նորություններ
- ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌՑԱՆՑ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Մարտ 25, 2020 | 20:31
Կրթություն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌՑԱՆՑ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև ընդհատումից խուսափելու համար։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում մարտի 16-ից սկսած առցանց հարթակներում վերսկսված դասապրոցեսի մասին զրուցել ենք Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, դեկանի տեղակալներ Հայկ Մխոյանի և Միքայել Մալխասյանի հետ:
Ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ասաց, որ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ ուսումնական գործընթացի դադարեցման հրամանից հետո ֆակուլտետում հաջողությամբ իրականացվում է հեռավար ուսուցում: Վերջինիս խոսքերով և՛ բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում ուսումնական գործընթացի համար օգտագործվում են թե՛ տեքստային և հարակից տեղեկատվական նյութեր, թե՛ տեսագրված դասախոսություններ:
«Մեր ֆակուլտետի բոլոր ամբիոնների ամբողջ դասախոսական կազմն ակտիվորեն իրականացնում է հեռավար ուսուցում»,- նշեց Է. Մինասյանը:
Նա ասաց, որ ուսանողների մասնակցությունը դասընթացներին կարելի գնահատել լավ: Դեկանը փաստեց նաև, որ ինքն անմիջական կապի մեջ է կուրսեի ավագների հետ՝ ուսումնական գործընթացի մասին տեղեկանալու, առաջարկներ ու կարծիքներ լսելու համար:
«Նշեմ, որ բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրատուրայի թեզերի ղեկավարները նույնպես կապի մեջ են և շատ ակտիվ աշխատում են իրենց ուսանողների հետ: Բացի դրանից՝ մենք պարբերաբար ամփոփում ենք իրականացված դասընթացների արդյունքները՝ այն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- եզրափակեց դեկանը:
Էդիկ Մինասյանի խոսքով՝ ուսումնական գործընթացը կազմակերպելու հարցում իրեն բավականին շատ օգնում են դեկանի տեղակալներ Հայկ Մխոյանն ու Միքայել Մալխասյանը:
Ysu.am-ը, զրուցելով Հայկ Մխոյանի հետ, տեղեկացավ, որ Պատմության ֆակուլտետում հեռավար ուսուցումը կազմակերպելու նպատակով օգտագործվում են առցանց գրեթե բոլոր հնարավոր հարթակները՝ «E-mail», «Zoom.us», «E-learning.ysu.am», «Moodle», «Bigbluebutton», «Boon.tv», «Skype», «WattsApp», «Messenger» և այլն:
«Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ուսումնական գործընթացը կազմակերպելու համար մենք կապ ենք հաստատել դասախոսական անձնակազմի հետ, տեղեկացրել նրանց դասընթացների կազմակերպման հնարավոր գործիքների մասին, լսել առաջարկներ ու անմիջապես վերսկսել ուսումնական գործընթացը»,- ասաց Հ. Մխոյանը:
Նա նշեց, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրի առկա համակարգի 5 և հեռակա համակարգի 1 կրթական ծրագրերում, ինչպես նաև մագիստրատուրայի առկա համակարգի 9 և հեռակա համակարգի 1 կրթական ծրագրերում էլեկտրոնային վերոնշյալ գործիքների կիրառմամբ անցկացվող հեռավար ուսուցումը հաջողությամբ է իրականացվում:
Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Միքայել Մալխասյանը նույնպես փաստեց, որ ուսումնական գործընթացը շարունակում է ընթանալ բնականոն հունով:
Հեռակա ուսուցման գործընթացը համակարգող փոխդեկանը նշեց, որ դասախոսների համար միանգամից ամբողջությամբ առցանց գործընթացի մեջ ներգրավվելը բարդ էր, սակայն ոչ անհնար:
«Այնուամենայնիվ, ընդհանուր ներգրավվածություն կա: Մենք առաջին օրերից սկսած ամբիոնների դասախոսներին հորդորել ենք իրենց դասախոսությունների նյութերը, հարցաշարերը տեղադրել «Moodle», համակարգում, իսկ կուրսերի ավագներին՝ կապ պահպանել դասախոսների և մեզ հետ: Այս պահին, բարեբախտաբար, ուսումնական նյութերի բացակայության խնդիր չկա»,- ասաց Մ. Մալխասյանը:
Նա նաև նշեց, որ այս իրավիճակը պատկերացում և փորձ է տալիս հետագայում հեռակա ուսուցման բացակայության դեպքում հեռավար ուսուցումը կազմակերպելու վերաբերյալ:
Հարկ է նշել, որ թե՛ ֆակուլտետի դեկանը, թե՛ դեկանի տեղակալները մշտական կապի մեջ են ուսանողների և դասախոսների հետ՝ ուսումնական գործընթացը բարելավելու նպատակով:
Մարինա Առաքելյան