- Գլխավոր
- Նորություններ
- ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ
Ապրիլ 02, 2020 | 13:34
Կրթություն
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ելնելով երկրում հաստատված արտակարգ իրավիճակից, շարունակում է առցանց հարթակների օգնությամբ, ըստ ամբիոնների ծանրաբեռնվածության և սահմանված դասատախտակի, իրականացնել հեռավար ուսուցումը։
Ուսուցման կարևորության, արդյունավետության և առկա խնդիրների մասին զրուցեցինք ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի հետ։
Վերջինիս տեղեկացմամբ, ֆակուլտետն օգտվում է «Gmail.com», «Zoom», « Skype», «E-learning.ysu.am», «Moodle» առցանց հարթակներից։
Որքան էլ ուսանողների և դասախոսների ներգրավվածությունը և պատրաստակամությունը նկատելի են, այդուհանդերձ դեկանի կարծիքով, այս հարթակները ոչ ամբողջությամբ են լրացնում դասապրոցեսը։
«Ուսուցման գործընթացի համար անմիջական շփումը շատ կարևոր է: Դասախոսի դեմքի արտահայտությունը, շարժուձևն են կենդանացնում դասը, իսկ այդ դեպքում ուսանողն ավելի անմիջական է շարադրում իր հարցերը»,- նկատեց դեկանը։
Ըստ Ռ. Հակոբյանի՝ խնդրի մյուս կողմն էլ հեռավար ուսուցման դեպքում ունեցած լրացուցիչ ժամանակի ոչ ճիշտ կառավարումն է։
«Հեռավար ուսուցման ժամանակ դասախոսը մի քանի անգամ ավելի շատ ժամանակ է ծախսում դասապատրաստման համար, սակայն արդյունավետությունը 2-3 անգամ պակասում է: Նույն ժամանակում ավելի քիչ դասախոսություն ես հասցնում բացատրել և այլն»,- փաստեց դեկանը։
Ուսանողների և դասախոսների ներգրավվածության և դասապրոցեսի բնականոն կազմակերպման մասին խոսեց նաև Ֆիզիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Ծովինար Կարապետյանը։
«Մենք օգտվում ենք ԵՊՀ-ի «E-learning» հարթակից և «Zoom»-ից։ «Zoom» հարթակը շատ լավն է և հարմար է ուսանողների ու դասախոսների ամբողջական ներգրավվածության, դասերի վերլուծման և քննարկման առումով»,- ասաց Ծովինարը։
Դիպլոմային-ավարտական աշխատանքների դեպքում առկա խնդիրների և ուսանողներին հուզող հարցերի մասին զրուցեցինք նաև Ֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի, Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար, «European Physical Society»-ի «Yerevan Young Minds» մասնաճյուղի նախագահ Ելենա Հակոբյանի հետ։
Վերջինս նշեց, որ իրենց կուրսում սահմանված դասապրոցեսն արդեն ավարտվել է, իսկ արտակարգ դրության պատճառով հետաձգվել է միայն դասապրոցեսի մաս կազմող պրակտիկան․ «Կան ֆակուլտետներ, որոնք սկզբից լրացրել են դասատախտակով սահմանված պրակտիկան, իսկ հիմա 1 ամիս տևողությամբ դասերը լրացնում են հեռավար ուսուցման մեթոդներով: Մեր դեպքում հարցի լուծումը բաց է մնում»։
Վերջինիս կարծիքով, բնագիտական ֆակուլտետներում հեռավար ուսուցումն այդքան էլ արդյունավետ չէ՝ ծրագրում ներառված լաբորատոր աշխատանքների պատճառով։
Ինչ վերաբերում է դիպլոմային աշխատանքներին, ուսանողուհին նշեց, որ փորձնական աշխատանքներից անցել են տեսական դաշտ՝ վերլուծելով և համակարգելով ձեռքի տակ ունեցած նյութերն ու գրականությունը:
«Մտավախություն ունենք նաև դիպլոմայինի պաշտպանության անցկացման հետ կապված: Եթե ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվի մինչև դիպլոմայինների պաշտպանության շրջանը, ապա ինչպե՞ս է անցկացվելու պաշտպանությունը: Գուցե հետաձգվի՞»,- հետաքրքրվեց ուսանողուհին:
Նշենք, որ Ելենան առցանց հարթակներն օգտագործում է նաև իր աշխատանքը բնականոն կազմակերպելու համար՝ մասնավորապես առցանց հարթակների միջոցով պարապելով ապագա դիմորդների հետ․ «Ես աշխատում եմ նաև «ՔԵՆԴԼ ՍՀԻ»-ում։ Կապի մեջ եմ ղեկավարիս հետ, որն ամեն կերպ փորձում է օգնել ու աջակցել մեզ՝ մեր առջև դրված խնդիրները հաղթահարելու համար»։
ՈՒԳԸ-ի աշխատանքները համակարգելու համար էլ, Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղարը տեղեկացրեց, որ օգտվում են «Slack» հարթակից: «Բոլորին մաղթում եմ առողջություն և համբերություն»,- ամփոփեց Ելենա Հակոբյանը։
Անգին Խաչատրյան