- Գլխավոր
- Նորություններ
- «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ, ԲԱՐՁՐ ԿՈՒՐՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՁԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՄՆԱԿԱՆԸ». ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ
Ապրիլ 03, 2020 | 14:36
Կրթություն
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ, ԲԱՐՁՐ ԿՈՒՐՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՁԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՄՆԱԿԱՆԸ». ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ
Ելնելով մարտի 16-ին ՀՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն ուսումնական գործընթացը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը նշեց, որ հեռավար դասընթացների կազմակերպման հենց սկզբից Ռադիոֆիզիկայի ֆակուլտետն ակտիվորեն մասնակցել է հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացին:
Նրա խոսքով, ներկայումս, բացի որոշ լաբորատոր պարապմունքներից (լաբորատոր սարքավորումների անհասանելիության պատճառով), ամբողջությամբ իրականացվում են դասատախտակով նախատեսված բոլոր դասընթացները․ «Բոլոր դասախոսությունները և գործնական աշխատանքների մեծ մասը (մոտ 70%-ը) իրականացվում են դասախոսի հետ անմիջական (առցանց) կապով: Մնացած գործնական պարապմունքները կատարվում են հանձնարարությունների և դրանց ստուգման եղանակով»:
Դեկանն անդրադարձավ նաև հետադարձ կապին՝ նշելով, որ թեև հետադարձ կապի թուլացումը չի նպաստում դասավանդման ընկալման արդյունավետության բարձրացմանը, սակայն ինտերակտիվ նյութերի մատչելի մատուցումը մասամբ լրացնում է այս բացը:
«Կարծում եմ, որ հետագայում՝ դասավանդման ավանդական եղանակին վերադառնալուց հետո, բարձր կուրսերում տեսաձայնապատկերային դասավանդումը կդառնա հիմնականը»,- ասաց Խաչատուր Ներկարարյանը:
Անդրադառնալով ուսանողների՝ առցանց դասերի մասնակցության ակտիվությանը, Խաչատուր Ներկարարյանը նշեց, որ շատ ուսանողներ առավել լրջորեն են վերաբերվում ուսումնառությանը:
«Օրըստօրե էապես ավելացել է դասընթացներին մասնակիցների թիվը, հատկապես բարձր կուրսերում,- ասաց ֆակուլտետի դեկանը,- միգուցե դա պայմանավորված է աշխատանքից ազատ լինելու հանգամանքով, սակայն, ամեն դեպքում, ողջունելի է և մտորումների տեղիք է տալիս»:
Անի Պողոսյան