- Գլխավոր
- Նորություններ
- ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՊՀ-Ի ԵՎ ԺՆԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Մարտ 28, 2022 | 16:25
Կրթություն
Գիտություն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՊՀ-Ի ԵՎ ԺՆԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ
«Անտառներ և բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգային ծառայությունները և տեղական ինքնակառավարման արդյունավետությունը. միջդիսցիպլինար հեռանկար» ծրագիրը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերին՝ ՀՀ ԳԿ ֆինանսավորմամբ:
Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ի գիտաշխատողների և Ժնևի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և էկոլոգիական գիտությունների ինստիտուտի ընթերցող, ավագ գիտաշխատող դոկտոր Մառա Տիգնինոյի համագործակցությամբ: Նպատակը անտառների և ԲՀՊՏ-ների ոլորտում տեղական ինքնակառավարման իրավական կարգավորման արդյունավետության գնահատումն է՝ ներքին և արտաքին չափորոշիչներին համապատասխան:
Ընթացիկ փուլում ծրագրի թիմը, համաձայն ներքին չափորոշիչների, ամփոփել է տեղական ինքնակառավարման արդյունավետության գնահատումը: Կիրառվել է վերլուծության եռամակարդակ մեթոդաբանություն: Դրա մշակմանը նախորդել է տեղական ինքնակառավարման մասին օրենքի դրույթների դասակարգում, համաձայն որի՝ առանձնացվել է նորմերի երեք խումբ: Առաջին խումբ կանոնները վերաբերում են ՏԻՄ կազմակերպման հիմունքներին, երկրորդը՝ ՏԻՄ լիազորություններին և գործունեությանը, իսկ երրորդը՝ համայնքի բյուջեին, ֆինանսավորմանը և զարգացման ծրագրերին:
Հետազոտությունը ուշագրավ եզրահանգումներ է արել. թիմն արձանագրել է, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համայնքի խնդիրներն ապահովված չեն դրանք կատարելու համար խիստ կարևոր լիազորություններով, նյութական, մարդկային և ֆինանսական ռեսուրսներով: Շրջակա միջավայրի պահպանության, և մասնավորապես անտառների ու ԲՀՊՏ-ների կառավարման ոլորտում ՏԻՄ լիազորությունները խիստ սահմանափակ են և ապահովված չեն դրանց իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմով, կամ այդ գործիքակազմը օրենքով նախատեսված է, սակայն չի կիրառվում։ Համապատասխանաբար, բյուջետավորման գործընթացը ևս այս մասով բավականին թերի է. ներդրված չեն թափանցիկության ու հաշվետվողականության անհրաժեշտ գործիքներ:
Սակայն նաև տեղական ինքնակառավարման մարմինները աչքի չեն ընկնում նախաձեռնողականությամբ, սեփական լիազորությունների լիարժեք կատարմամբ և լրացուցիչ լիազորությունների հանձնառությամբ։ Այս ամենի հետևանքով տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ-ում ի վիճակի չեն ապահովել անտառների և ԲՀՊՏ-ների էկոհամակարգային ծառայություններից համայնքի՝ օգուտներ ստանալու իրավունքը և հնարավորությունը: Եվ դա այն դեպքում, երբ և´ փորձագետները, և´ ոլորտի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, և´ ՏԻՄ-երի ներկայացուցիչներն ընդգծում են այդ տարածքներում էկոհամակարգային ծառայությունների հարուստ պոտենցիալը և դրանց կայուն օգտագործման հնարավորությունները:
Առաջիկա ամիսներին թիմը կիրականացնի տեղական ինքնակառավարման գնահատում՝ արտաքին չափորոշչի հիման վրա, որին մեծապես կօգնի նաև պլանավորված հետազոտական այցը Շվեյցարիա:
Հետազոտության արդյունքները կտպագրվեն գրախոսվող ամսագրում՝ 2 հաջորդական գիտական հոդվածներում: Միաժամանակ հետազոտության արդյունքների ամփոփմամբ կմշակվի որդեգրված քաղաքականության համառոտագիր՝ հասցեագրված ՀՀ կառավարությանը, որը կատարված եզրահանգումների հիման վրա կնախանշի իրավական և տնտեսական այն հնարավոր լուծումները, որոնք կարող են օգտակար լինել անտառների և ԲՀՊՏ-ների էկոհամակարգային ծառայություններից համայնքների համար առավելագույն օգուտ ապահովելու, ինչպես նաև այդ տարածքների կառավարմանը ներգրավվելու տեսանկյունից: