- Գլխավոր
- Նորություններ
- ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա.ՊՈՒՇԿԻՆԻ 220-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Մայիս 24, 2019 | 16:36
Ուսանողական
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա.ՊՈՒՇԿԻՆԻ 220-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետն այսօր կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի 220-ամյակին։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ու Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանից։
Ալեքսանդր Պուշկինի 220-ամյակին նվիրված ցերեկույթի ընթացքում ֆակուլտետի ուսանողները գրողի ստեղծագործությունների միջոցով ներկայացրին նրա կյանքն և գործունեությունը, սերերին, քաղաքական հալածանքներն ու մահը։ Միջոցառումն ուղեկցված էր ոչ միայն բանաստեղծություններով, այլև երաժշտական կատարումներով ու տեսապատկերներով։
Ալեքսանդր Պուշկինի 220-ամյակին նվիրված միջոցառմանն ուսանողները բեմադրել էին նաև «Եվգենի Օնեգին» չափածո վեպից մի հատված՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ հանճարեղ գրողի ստեղծագործությունները մինչ օրս արդիական են։
Ցերեկույթի կազմակերպիչները ներկաների համար պատրաստել էին հոլովակ, որտեղ երևում էր, թե ինչպես են դպրոցականները սիրում ու սերտում Պուշկինի ստեղծագործությունները։
Միջոցառման վերջում Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը ողջունեց և շնորհավորեց ներկաներինԱլեքսանդր Պուշկինի 220-ամյակի կապակցությամբ։ Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին և հատկապես ֆակուլտետի դոցենտ Յուլիա Խոջոյանին։ «Անկախ տարիքից՝ մեր բոլորի հոգում ապրում է Պուշկինը, և մենք նրան շատ բանով ենք պարտական»,- ասաց դեկանը։
Միջոցառմանը ներկա էր նաև Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Օլգա Լիկովան, որը նույնպես շնորհավորեց բոլորին և հույս հայտնեց, որ նմանաբնույթ միջոցառումներն ավելի հաճախ կկազմակերպվեն։
Մարինա Առաքելյան