- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Դեկտեմբեր 25, 2018 | 16:50
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ 2018-19 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընդլայնված նիստը:
Նիստի մեկնարկին ՈՒԳԸ-ականներին ողջունեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը՝ փաստելով, որ անցնող կիսամյակում Ուսանողական գիտական ընկերությունը մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ հավատարիմ մնալով սահմանված նշաձողին:
«Կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ՈՒԳԸ-ի անդամներին և հույս հայտնել, որ եկող կիսամյակում ևս դուք ակտիվ գործունեություն կծավալեք: Մասնավորապես ակնկալվում է, որ ՈՒԳԸ կարևորագույն միջոցառումը՝ տարեկան գիտական նստաշրջանը, որը վերջին տարիներին միջազգային բնույթ ունի, այս անգամ ևս կկազմակերպվի բարձր մակարդակով և նվիրված կլինի ԵՊՀ 100-ամյակին»,- ասաց Ռ. Մարկոսյանը:
Այնուհետև նիստի մասնակիցներն ունկնդրեցին Յունգյան դպրոցի հոգեբան, ազգագրագետ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Սիմոնյանի «Ազգային ինքնագիտակցություն» խորագրով դասախոսությունը: Ինչպես մեզ հետ զրույցում փաստեց ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, ընդլայնված նիստերին դասախոսություններ անցկացնելը վաղուց որդեգրած քաղաքականություն է. «Մենք ուզում ենք ոչ միայն ամփոփել կիսամյակը, այլև նոր գիտելիքներ ստանալ»:
Ակտիվ հարցուպատասխանով ուղեկցված դասախոսությունից հետո Վանատուր Շերենցը տեսապատկերի միջոցով ներկայացրեց թվային տվյալներ կիսամյակային գործունեության վերաբերյալ:
«Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 186 միջոցառում, այդ թվում՝ 4 գիտաժողովներ և 2 օլիմպիադաներ: Անցկացված գիտաժողովներին հնչել է 121 զեկուցում»,- ասաց Վանատուր Շերենցը:
ՈՒԳԸ նախագահը ներկայացրեց նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ների՝ կիսամյակի ընթացքում ստացած և կորցրած միավորների վիճակագրական աղյուսակը, համաձայն որի՝ գերազանց գնահատականի են արժանացել Իրավագիտության, Պատմության և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ՈՒԳԸ-ները:
Նիստի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում հավաստագրեր և խրախուսական մրցանակներ ստացան գերազանց և վերապահմամբ գերազանց գնահատականի արժանացած ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները, կիսամյակի ընթացքում մեծ ակտիվություն ցուցաբերած քարտուղարները և անդամները:
Քնար Միսակյան